ՀՅԴ-ն ու «Ժառանգությունը»  ընտրությունների արդար, ազատ ու թափանցիկ անցկացման նպատակով, ընտրական օրենսդրության այլընտրանքային տարբերակ է ներկայացրել:

ՀՅԴ հանրային կապերի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ իրականությանը չի համապատասխանում ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանի այն հայտարարությունը, ըստ որի, ՀԱԿ-ը ընտրությունների արդար անցկացումն ապահովող չորս պայման է առաջ քաշել, որին ՀՅԴ-ն չի միացել:

Այնուհետեւ ՀՅ-ն ներկայացնում է իր առաջարկներից մի քանիսը:

1. Սահմանել 100% համամասնական ընտրակարգ:

2. Փոխել ընտրական հանձնաժողովների ձեւավորման կարգը:

3. Բազմակի քվեարկությունների եւ լցոնումների բացառման նպատակով.

3.1. Քվեարկության մատյանների (քվեարկածների ստորագրություններով) հրապարակում (տեղամասում քվեարկած ընտրողների ցուցակները (այդ թվում` լրացուցիչ ցուցակները),

3.2. Քվեարկության կազմակերպման եւ հաշվարկի ընթացքի պարտադիր տեսաձայնագրում,

3.3. Քվեարկությանը մասնակցող յուրաքանչյուր ընտրողի անձնագրի սկանավորման եւ արխիվացման իրականացում,

4. Քվեարկության արդյունքների հաշվառման համակարգի զարգացման նպատակով.

4.1. Ներդնել էլեկտրոնային քվեատուփեր, որոնք հաշվարկում են եւ հնարավորություն են տալիս ցանկացած պահի իմանալ քվետուփում առկա ծրարների (քվեարկության մասնակիցների) թիվը,

4.2. Փոփոխել քվեածրարների հաշվարկման կարգն ու հերթականությունը:

5. Նախընտրական քարոզչության սահմանման, հասանելիության եւ հավասարության ապահովման նպատակով.

5.1.  Օրենքով ամրագրել, որ ՀՌԱՀ-ը պետք է հրապարակի իր մոնիթորինգի եւ վերհսկողության մեթոդիկան (ԵԱՀԿ-ի նման, թե ինչպես է գնահատում անկողմնակալությունը),

5.2. Սահմանել նախընտրական քարոզչություն հասկացությունը,

5.3. Սահմանել, որ նախընտրական քարոզչության ժամանակ հեռուստառադիոընկերությունների գովազդի մեկ րոպեի սակագինը չի կարող գերազանցել տվյալ հեռուստառադիոընկերության վերջին 6-ամսվա ընթացքում տեղ գտած եւ տվյալ եթերաժամի համար նախատեսված առեւտրային գովազդի մեկ րոպեի միջին արժեքը:

6. Թաքնված ընտրակաշառքների բացառման նպատակով օրենսդրորեն կարգավորել «բարեգործական» հիմնադրամների եւ կուսակցությունների գործունեությունը նախընտրական եւ ընտրական փուլերում:

7. Վարչական ռեսուրսի օգտագործման բացառման նպատակով օրենսդրորեն արգելել գործադիր իշխանության ներկայացուցիչների կողմից պետական գույքի, ինչպես նաեւ պետական դիրքի  օգտագործումը քարոզչական հնարավորությունների ընդլայնման համար:

Հիշեցնենք, որ ՀԱԿ-ն առաջարկել էր ընտրությունների ժամանակ կիրառել հետեւյալը.

1. Քվեարկողների մատերի թանաքանշումը, որը կկանխի կրկնակի քվեարկությունը,

2. Ընտրությունների ընթացքի մոնիտորինգը,

3. Նկարահանումները,

4. Մասնակցության ցուցակների հրապարակումը: