Մոսկովյան Լյուբլինո շրջանում սկսել է  «Ռուսական քայլերթը», հայտնում է Газета.Ru-ն: Երթին մասնակցում է գրեթե հինգ հազար մարդ, թեեւ ավելի վաղ կազմակերպիչները հայտարարել էին, որ մոտ 20 հազար մարդ կհավաքվի:

Մասնակիցները շարքեր են կազմել` ձեռքներին դրոշներ եւ պաստառներ, եւ լոզունգներ են կրկնում, մասնավորապես` «Ռուսաստանը ռուսների համար, Մոսկվան` մոսկվացիների», «Ռուսներ, առաջ», «Բավական է կերակրել Կովկասին»:

Նրանք նաեւ գոռում են «Մենթերը Ռուսաստանի ամոթն են», բայց ոստիկանության աշխատակիցները չեն արձագանքում:

Քայլերթի մասնակիցները լրագրողների հանդեպ թշնամաբար են տրամադրված, գոռում են «Հեռացրեք լրագրողներին»:  Երբ շարասյան առաջին շարքը նկարող լուսանկարիչներից մեկը մոտեցել է երթի մասնակիցներին, նրան բռնել են եւ հարվածել դեմքին: Կազմակերպիչները փորձում են հանգստացնել մասնակիցներին:

Այն փողոցում, որտեղ անցկացվում է երթը, տրանսպորտի երթեւեկությունը դադարեցվել է:

Ավելի վաղ «Ռուսական քայլերթի» կազմակերպիչներից մեկը` Կոնստանտին Կռիլովը ձերբակալվել էր, նրա նկատմամբ հարուցվել է քրեական գործ` «ազգամիջյան ատելություն բորբոքելու» մեղադրանքով:

Նախօրեին ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին խորհուրդ էր տվել ուրբաթ օրը Լյուբլինո չգնալ` «Ռուսական քայլերթի» պատճառով: