Հնդկաստանում Չինաստանի դեսպանը աղմկահարույց պատմության մեջ է հայտնվել չինական ընկերության կազմած քարտեզի պատճառով, որտեղ հնդկական երկու նահանգներ` Արունաչալ-Պրադեշը եւ Լադաքհը, ինչպես նաեւ վիճահարույց սահմանամերձ շրջանը պատկերվել են որպես Չինաստանի մաս, հայտնում է bbc.co.uk-ն:
Հնդկական լրատվամիջոցների տեղեկացմամբ, քարտեզագրական կազուսի մասին իմացել են լրագրողները, որոնք ներկա են եղել չինական էլեկտրատեխնիկական TBEA ընկերության կողմից հնդկական Հուջարաթ նահանգում ներդրումներ կատարելու համաձայնագրի ստորագրման արարողությանը:
Հնդիկ լրագրողների հարցերին պատասխանող դեսպանը չի դիմացել եւ լրագրողներից մեկին խնդրել է «ձայնը կտրել», հայտնում է Hindustan Times թերթը:
Ինքնատիրապետումը կորցրած դեսպանը ավելի ուշ իր պահվածքը պայմանավորեց այն հանգամանքով, որ լրագրողը «պնդում, պնդում, պնդում էր» իր հարցը, նույնիսկ այն բանից հետո, երբ նրան բացատրեցին, որ «տեխնիկական սխալ է եղել»: «Մենք ցանկանում ենք Հնդկաստանի հետ ավելի բարեկամական կապեր հաստատել… նման դեպքը միայն վնասում է», - ասել է դեսպանը:
Հնդկական իշխանությունները, սակայն, փորձել են մեղմել սկանդալը` ասելով, որ քարտեզը չինական իշխանությունների պատվերով չի կազմվել, եւ խոսքը շտկման ենթակա սխալի մասին է:
Հնդկաստանի եւ Չինաստանի միջեւ եղած տարածքային վեճը շարունակվում է արդեն մի քանի տասնամյակ: Երկրները, մասնավորապես, չեն կարողանում կիսել Չինաստանիի եւ Հնդկաստանի սահմանին գտնվող լեռնային շրջանը: 1962թ. տարաձայնությունները հանգեցրին կարճատեւ պատերազմի:




























