Բեռլինում նոյեմբերի 4-ի գիշերը 7 ավտոմեքենա են այրել, հաղորդում է Tagesspiegel-ը, վկայակոչելով ոստիկանությանը: Դրանցից մեկի հրկիզումը հզոր պայթյունի պատճառ է դարձել: Սկզբում Լիխտենբերգ շրջանում հրկիզել են Opel ավտոմեքենա: Այրվել են նաեւ մեքենայի մոտ դրված աղբարկղերը, հայտնում է Lenta.ru-ն:

Ավելի ուշ հանցագործները այրել են եւս երկու Volkswagen միկրոավտոբուսներ: Դրանցից մեկում գազի բալոն է տեղադրված եղել, ինչն էլ հզոր պայթյունի պատճառ է դարձել: Արդյունքում եւս չորս մեքենաներ են այրվել:

Տեղի բնակիչները ցանկացել են իրենց մեքենաները հեռացնել վտանգի գոտուց, սակայն ոստիկանությունը խանգարել է, գրում է Berliner Zeitung-ը:

Հրկիզումների փաստի առիթով ոստիկանությունը 21 եւ 23 տարեկան երկու տղամարդկանց  բերման է ենթարկել: Հանցանքի դրդապատճառները դեռ հայտնի չեն: Այժմ իրավապահները փորձում են պարզել, թե արդյոք կասկածյալները կապ ունեն կատարվածի հետ, քանի որ նրանց հանցանքը  կատարելիս  չեն տեսել:

Հաճախ մեքենաներ այրելու մեջ մեղադրում են ձախ ռադիկալ երիտասարդությանը: Սակայն հոկտեմբերին ձերբակալված հրկեզը, ով 100 մեքենա էր այրել, խոստովանել էր, որ դա արել է փողի եւ աշխատանքի բացակայության պատճառով, այլ ոչ թե քաղաքական նկատառումներով: 2011թ. ընթացքում Գերմանիայի մայրաքաղաքում արդեն 500 ավտոմեքենա են այրել: