Բաքվում, նոյեմբերի 4-ին, կրակել են «Բոյուք Շոր» լոկոմոտիվ դեպոյի պետ Օջագվերդիեւ Քամալ Իսաքօղլու վրա, հաղորդում է Lent.az կայքը` վկայակոչելով Նիզամի շրջանի դատախազի օգնական Մոբիլ Շեֆիեւից ստացած տեղեկությունները: «Այսօր ժամը 10-ի սահմաններում Դադաշով Հեյդար Իսլամօղլու անունով անձը ներխուժել է «Բոյուք Շոր» լոկոմոտիվ դեպոյի վարչական շենք եւ «Մակարով» տեսակի ատրճանակից կրակել դեպոյի պետ Օջագվերդիեւ Քամալ Իսաքօղլու վրա: Վերջինս ծանր վիճակով տեղափոխվել է հիվանդանոց, իսկ Դադաշովը ձերբակալվել է», գրում է Lent.az-ը:

Կայքը հայտնում է, որ 1994 թվականին ծնված վերոնշյալ Դադաշովը եղել է լոկոմոտիվ դեպոյի աշխատող եւ կես տարի է, ինչ թոշակի է անցել: Նա հարցաքննության ժամանակ հայտնել է, որ ցանկացել է վրեժ լուծել Օջագվերդիեւից, քանի որ վերջինս նրան հարկադրել է թողնել աշխատանքը: «Նա ինձ հարկադրել է ստորագրել աշխատանքից դուրս գալու դիմումի տակ»,-ասել է Դադաշովը, գրում է Lent.az-ը:

Նշենք, որ Դադաշովը վեց անգամ կրակել է Օջագվերդիեւի վրա, սակայն գնդակներից միայն երեքն է նշանակետին հասել: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: