Թերթը գրում է, որ երեկ տարածվեց հերթական հրաժարականի մասին տեղեկությունը, որը, սակայն, դեռ պաշտոնապես չի հաստատվել: «Իշխանական շրջանակներից արտահոսք եղավ, որ հրաժարական է տվել քրեակատարողական վարչության պետ Հայկ Հարությունյանը: ՀՀ նախկին ոստիկանապետը, ըստ նույն աղբյուրների, պետք է նշանակվի Գեղարքունիքի մարզպետ: ՀՀ մի շարք մարզպետների պաշտոնանկությունների շարքում նշվում է նաեւ ԲՀԿ-ական երկու մարզպետների` Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանի եւ Վայոց ձորի մարզպետ Սերգեյ Բագրատյանի անունները:
Արդարադատության նախարարի մամուլի խոսնակ Կարինե Քալանթարյանը Հայկ Հարությունյանի հրաժարականի լուրը ճշտելու համար առաջարկել է դիմել Սերժ Սարգսյանի խոսնակին: Վերջինս թերթի զանգերին չի պատասխանել, փոխարենը ՔԿՎ խոսնակ Գոռ Ղլեչյանը հերքել է լուրը:
Ըստ որոշ տեղեկությունների` հրաժարականների հաջորդ խմբաքանակի մասին հայտարարվելու է մի փոքր ուշ»,- գրում է «Հայկական ժամանակ»-ը:




























