Հունաստանի կառավարությանը վստահության քվե է ստացել: Ինչպես հայտնում է Reuters-ը, կառավարությանը վստահություն են հայտնել 153 պատգամավորներ (նրանցից 152-ը իշխող ՊԱՍՕԿ կուսակցության ներկայացուցիչներ են), գործող կառավարությանն անվստահություն են հայտնել 145 պատգամավորներ: Քվեարկությունն ավարտվել է նոյեմբերի 5-ի գիշերը, հայտնում է Lenta.ru-ն:
Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, Հունաստանի վարչապետ Յորղոս Պապանդրեուն վստահության քվե է ստացել, բայց միայն այն բանից հետո, երբ խոստացել է կոալիցիոն կառավարություն ձեւավորել: Ընդ որում, բացառված չէ, որ այդ կառավարությունն արդեն մեկ ուրիշը կձեւավորի: Խորհրդարանում ելույթ ունենալով` պապանդրուն ընդգծել է, որ նման տնտեսական իրավիճակում արտահերթ ընտրությունների անցկացումը հղի է աղետալի հետեւանքներով:
Նա նաեւ խոստացել է, որ այսօր կհանդիպի նախագահի հետ եւ համաձայնեցնի կոալիցիոն կառավարության ձեւավորման ժամկետները, դրա կազմը, ինչպես նաեւ, հնարավոր է, նոր վարչապետի թեկնածությունը: Պապանդրեուն վստահեցրել է պատգամավորներին, որ ամենեւին էլ կառչած չէ իր աթոռին:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Հունաստանի իշխող ձախակենտրոն ՊԱՍՕԿ շարժման երկու տասնյակ պատգամավորներից բաղկացած խումբը բաց նամակ էր տարածել, որով պահանջում էր կոալիցիոն կառավարություն ձեւավորում: Խորհրդարանական ընդդիմությունը եւս ժամանակավոր կոալիցիոն կառավարության ձեւավորում էր պահանջել` մինչեւ արտահերթ ընտրությունների անցկացումը, փոխարենը համաձայնել էր սատարել ԵՄ-ի հետ համաձայնագրին, որը մինչ այդ մերժում էր:
Հիշեցնենք, խորհրդարանական ճգնաժամը Հունաստանում սկսեց այն բանից հետո, երբ ԵՄ ղեկավարները սպառնացել էին, որ երկիրը կարող է դուրս մնալ եվրոգոտուց, եթե Պապանդրեուի առաջարկած հանրաքվեով մերժվի ԵՄ առաջարկած վարկային համաձայնագիրը:
Վարչապետ Յորղոս Պապանդրեուին նախօրեին հրավիրել էին Կաննի գագաթաժողովին, որտեղ առաջարկել էին հրաժարվել հանրաքվե անցկացնելուց:
Նոյեմբերի 4-ին ֆինանսների նախարար Էվանգելոս Վենիզելոսը տեղեկացրել էր, որ հանրաքվեն չի անցկացվի: Հունաստանը լիակատար կախման մեջ է ԵՄ - ի եւ ԱՄՀ - ի վարկերից: Մեկ շաբաթ առաջ, ԵՄ - ն որոշել է մարել Հունաստանի 360 մլրդ պարտքի 100 մլրդ-ը` կրճատումների բազմամյա խիստ ծրագիր իրականացնելու դիմաց:




























