Իրանի գծով ԱՄՆ հատուկ բանագնացի տեղակալ Աբրամ Փեյլին ամփոփել է Հարավային Կովկասի երկրներ կատարած այցերը X սոցցանցում։ Ամերիկացի դիվանագետը եղել է Հայաստանում, հետո Վրաստանում եւ շրջագայությունն ավարտել Ադրբեջանում։

Երեւան եւ Թբիլիսի կատարած այցերի արդյունքների վերաբերյալ նա տեղեկացրել է, որ հանդիպել է բարձրաստիճան պաշտոնյաների եւ մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ, որպեսզի քննարկի Իրանի դեմ պատժամիջոցների պահպանումը եւ «Իրանի վարչակարգի ապակայունացնող վարքի խնդրի լուծման» ընթացիկ պայմանները։

«ԱՄՆ-ն ձգտում է  աշխատել գործընկերների հետ տարածաշրջանում դրական տեսլականի առաջմղման համար»,- նշել է նա։

Բանագնացի տեսաուղերձում, որը նկարահանվել է Երեւանի Հանրապետության հրապարակում, նշվում է, որ Հայաստանում նա հանդիպել է Անվտանգության խորհրդի, Պետեկամուտների կոմիտեի, Կենտրոնական բանկի եւ ԱԳՆ ներկայացուցիչների հետ։

Ադրբեջանում հատուկ բանագնացը հանդիպումներ է ունեցել նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւի, արտաքին գործերի փոխնախարար Սամիր Շարիֆովի, Իրանում Ադրբեջանի դեսպան Ալի Ալիզադեի, բանկային հատվածի ներկայացուցիչների,  ԱՄՆ դեսպան Մարկ Լիբիի եւ Բաքվում Իսրայելի դեսպան Ջորջ Դիկի հետ։

Բաքվում հանդիպումները նա անվանել է «Իրանի, պատժամիջոցների կիրառման եւ տարածաշրջանի վերաբերյալ արդյունավետ բանավեճեր»։