ՄԻՊ-ը խորհրդարանի ամբիոնից ասել է, որ պատրաստ է եկեղեցու և պետության միջև կամուրջ լինել։ Ես էլ ասում եմ՝ նա ՄԻՊ է՝մարդու իրավունքների պաշտպան, ոչ թե ՄԻԿ՝ մարդու իրավունքների կամուրջ: Այս մասին այսօր` հունիսի 4-ին, Սուրբ Աննա եկեղեցու բակում ասել է Բագրատ Սրբազանը:
«Ի՞նչ կամուրջ, մարդու իրավունքների պաշտպանն ի՞նչն է կամրջելու։ Իր գործը մարդու իրավունքների պաշտպանությունն է, գնահատելն է։ Ոստիկանական ուժերի կողմից գործված այսքան ապօրինությունները գնահատվե՞լ են։ Դատախազությունում ինչ-որ գործ կա՞։ Քննչական կոմիտեն ինչ-որ բան արե՞լ է, երբ մարդկանց են առևանգում։ Հակառակը, կալանքի են տանում, ձերբակալում են: ՄԻՊ-ն այնքան համարձակություն չունի, որ այս ամենին համաչափ արձագանքի»,- ասաց Բագրատ Սրբազանը:
Բագրատ Սրբազանը նշեց, որ շատ պարզ հարցադրումով էին գնացել ՄԻՊ գրասենյակի մոտ․ «30 ոստիկանով մի պատգամավորին ծեծուջարդի ենթարկելը, Սարդարապատի հուշահամալիր Վեհափառ Հայրապետի մուտքը խոչընդոտելը, ԱԳՆ շենքի առջև ոստիկանական բիրտ ուժի կիրառումը քաղաքացիների նկատմամբ և այլն, գնահատականի արժանանալո՞ւ են, թե՞ ոչ»։











