ԿՀՎ-ն հանգել է այն եզրակացության, որ Գազայում պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման առաջնորդ Յահյա Սինվարը ենթարկվում է իր իսկ ռազմական հրամանատարների՝ օրեցօր աճող ճնշմանը, որոնք փորձում են նրան ստիպել համաձայնելու հրադադարին և դադարեցնել պատերազմն Իսրայելի հետ։ Ըստ CNN-ի՝ շաբաթ օրը դրա մասին փակ համաժողովում հայտարարել է ԿՀՎ ղեկավար Բիլ Բեռնսը։  

Բեռնսը հայտարարել է, որ Սինվարը «անհանգստացած չէր իր մահվան համար», սակայն ճնշման է ենթարկվում, երբ նրան մեղադրում են Գազայի բնակիչների սարսափելի տառապանքների համար, հայտնել է համաժողովին ներկա  CNN-ի աղբյուրը:

ԱՄՆ հետախուզության պաշտոնյաները կարծում են, որ Սինվարը թաքնվում է Գազայի իր հայրենի Խան Յունիս քաղաքի թունելներում, և ՀԱՄԱՍ-ի՝ գործարքին համաձայնել-չհամաձայնելու առումով առանցքային որոշում ընդունողն է:

Ամիսներ շարունակ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի խոսնակի պաշտոնում բանակցություններ վարած Բեռնսն ասել է, որ թե՛ Իսրայելի կառավարությունը, թե՛ ՀԱՄԱՍ-ը պատերազմի սկսվելուց ավելի քան ինը ամիս անց պարտավոր են օգտագործել այս պահը և հասնել զինադադարի:

Սակայն ներքին ճնշումը, ներառյալ պատերազմից հոգնած նրա ավագ հրամանատարների հաճախակի զանգերը, որոնց բախվում է Սինվարը, վերջին երկու շաբաթվա ընթացքում նորություն է, հայտնել է Բեռնսը:

ԿՀՎ տնօրենը ելույթ էր ունենում, Այդահո նահանգի Սան Վելի քաղաքում Allen & Company-ի ամենամյա ամառային միջոցառմանը, որը երբեմն անվանում են «միլիարդատերերի ամառային ճամբար»՝ գաղտնի իրադարձությանը հրավիրված տեխնոլոգիական մագնատների, լրատվամիջոցների հսկաների և բարձրաստիճան պետական ​​պաշտոնյաների աստղային ցանկի համար: