Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի՝ համաշխարհային առաջնորդների, նրանց թվում՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ իրեն իբրև բարձր մակարդակի խաղաղարար ներկայանալու փորձերը սխալ են և չեն բխում Եվրոպայի շահերից, ըստ բրիտանական The Guardian պարբերականի՝ հայտարարել է Չեխիայի վարչապետ Պետր Ֆիալան՝ հիշեցնելով Երկրորդ աշխարհամարտից առաջ Ադոլֆ Հիտլերին հաշտեցնելու փորձերից քաղած դասերը։

Հունգարիայի վարչապետը վերջին շաբաթների ընթացքում բանավեճեր է հարուցել՝ այսպես կոչված «խաղաղ առաքելություն» նախաձեռնելու համար: Միջազգային այցերը ներառում էին հանդիպումներ Պուտինի, Չինաստանի նախագահ Սի Ծինպինի և ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի հետ։

Ֆիալան նշել է, որ Օրբանի ջանքերը միայն օգնում են իր լայնածավալ ներխուժումն Ուկրաինա շարունակող Կրեմլին:

«Այն, ինչ անում է Վիկտոր Օրբանը, չի բխում Եվրոպայի շահերից, իմ երկրի շահերից, ուկրաինացի ժողովրդի շահերից»,- հայտարարել է Չեխիայի ղեկավարը բրիտանական պարբերականին տված ծավալուն հարցազրույցում։ - Ցավոք սրտի, դա օգնում է Վլադիմիր Պուտինին այս իրավիճակում։ Եվ դա ճիշտ չէ»: