Կիպրոսի պաշտպանության նախարար Վասիլիս Պալմասը չորեքշաբթի հայտարարել է, որ ծրագրեր են մշակվում կղզու հարավային ափին Արևելյան Միջերկրական ծովում խոշոր ռազմածովային բազա կառուցելու նպատակով։ Այն կարող է ընդունել Եվրամիության և այլ երկրների խոշոր նավերը տարբեր առաքելությունների, ներառյալ՝ Մերձավոր Արևելքի անհանգիստ տարածաշրջանին մարդասիրական օգնություն հասցնելու համար, հայտնել է Associated Press-ը։

Պալմասը հայտնել է, որ Կիպրոսի աշխարհաքաղաքական դերը վերջին ժամանակներս, իբրև Մերձավոր Արևելքում Եվրամիության ամենամոտ անդամ, պահանջում է ենթակառուցվածքի ստեղծում, որը կարող է աջակցել տարածաշրջանին ուղղված քաղաքականությանը:

Վերջին ամիսներին Կիպրոսը տարանցիկ կետ է դարձել պատերազմից տուժած Գազայի հատված անհատույց մարդասիրական օգնության հավաքման և առաքման համար:

Կիպրոսի Լառնակա նավահանգստից պաղեստինյան տարածք անվտանգության ստուգումներ անցնելուց հետո հումանիտար օգնություն է ուղարկվում։ Պալմասը հայտարարել է, որ բազայի կառուցումը տարածաշրջանում քաղաքականության իրականացման գործում «վճռական ներդրում կդառնա»:

Ըստ Կիպրոսի պաշտպանության նախարարի՝  Հունաստանը տրամադրում է տեխնիկական նոու-հաու նախագիծն իրականացնելու համար, և փաստացի շինարարությունը կիրականացվի փորձագիտական ​​ուսումնասիրության արդյունքների հիման վրա:

Ռազմածովային բազան կկառուցվի ծովափնյա Լիմասոլ քաղաքից մոտավորապես 25 կիլոմետր դեպի արևելք՝ այնտեղ տեղակայված ռազմածովային օբյեկտի հիման վրա: