Հայ-իրանական մշակութային-խոհարարական «Նավասարդ» երրորդ փառատոնը մեծ եւ կարեւոր մշակութային միջոցառում է, որը լուրջ ազդեցություն կունենա իրանա-հայկական հարաբերությունների զարգացման վրա մշակույթի ոլորտում։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ օգոստոսի 6-ին ասել է Հայաստանում Իրանի դեսպանության մշակույթի կցորդ Մոհամադ Ասադի Մովահեդին։

Նա նշել է, որ իրանցի եւ հայ ժողովուրդները մշակութային շատ նմանություններ ունեն, եւ նման միջոցառումները էլ ավելի կնպաստեն այն բանին, որ ժողովուրդներն ավելի լավ ճանաչեն միմյանց։

Կցորդը հավաստիացրել է, որ Իրանում այս փառատոնի նկատմամբ շահագրգռությունը շատ բարձր է։ «Մասնակցության համար մեզ դիմել են ցանկացողներ իրանական 15 նահանգներից, այն դեպքում, երբ միջոցառումների ձեւաչափը այս տարի թույլ է տալիս ընդգրկել ընդամենը 5 նահանգների մասնակիցների։ Իրանում նման միջոցառումները դիտարկվում են որպես երկու ժողովուրդների միջեւ մշակութային կապերի ամրապնդման հնարավորություն»,- նշել է Մովահեդին։

Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանն, իր հերթին, նշել է, որ փառատոնն սկսվելու է օգոստոսի 10-ին Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում։ Նա տեղեկացրել է, որ կազմակերպիչներն են տուրիզմի հայկական ֆեդերացիան, «Հայկական խոհարարական ավանդույթների զարգացում եւ պահպանում» հասարակական կազմակերպությունը՝ էկոնոմիկայի նախարարության տուրիզմի կոմիտեի, տեղի իշխանությունների եւ Հայաստանում Իրանի դեսպանության աջակցությամբ։ «Առաջին փառատոնի ժամանակ Իրանը ներկայացված էր ընդամենը վեց տաղավարով, երկրորդում՝ 22, իսկ այս անգամ՝ 30 տաղավարով»,- ընդգծել է Ապրեսյանը։

Նրա գնահատմամբ՝ համատեղ միջոցառումների անցկացումը պետք է ուղղված լինի երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը եւ զբոսաշրջային շուկայում մրցունակության բարձրացմանը։ «Միջոցառման շրջանակում մշակութային-երաժշտական գոտիներում նկարիչները, արհեստագործները, մշակույթի եւ արվեստի ներկայացուցիչները կներկայացնեն երկու երկրների հարուստ մշակույթը, արվեստը եւ արհեստները»,- ավելացրել է նա։

ՀՀ էկոնոմիկայի նախարարության տուրիզմի կոմիտեի եւ մարքետինգի վարչության պետ Դիանա Կարապետյանն իր հերթին հայտնել է, որ փառատոնի նպատակը տարածաշրջանային միասնական արտադրանքի ստեղծման աջակցությունն ու մրցունակության բարձրացումն է Հայաստանի եւ Իրանի միջեւ։ Նա ավելացրել է, որ միջոցառումն ուղղված է նաեւ երկու երկրների համագործակցության ամրապնդմանը, մշակութային ժառանգության պահպանմանը, զարգացմանը եւ հանրայնացմանը։

Իսկ «Հայկական խոհարարական ավանդությունների զարգացում եւ պահպանում» հասարակական կազմակերպության ղեկավար Սեդրակ Մամուլյանը ընդգծել է, որ փառատոնը, որի շրջանակում տեղի կունենա խոհարարական մրցույթ, կտեւի մի քանի օր եւ ինքնատիպ երեւույթ կլինի՝ որպես զբոսաշրջային արտադրանք։

Նա նշել է, որ մրցույթին կմասնակցի 27-ական մարդ յուրաքանչյուր երկրից։ «Փառատոնի ժամանակ հայ եւ իրանցի խոհարարները կներկայացնեն ազգային խոհանոցի ողջ բազմազանությունը, առանձնահատկությունները եւ նմանությունները։ Մենք նախատեսում ենք միջազգայնացնել մրցույթը եւ հաջորդ տարիներին ներգրավել մասնակիցների նաեւ Եվրոպայից»,- ամփոփել է Մամուլյանը։