Ես կարծում եմ, որ արդարադատության նախարարը կնշանակվի առաջիկայում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հոկտեմբերի 23-ին ասել է կառավաող «Քաղպայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։

Նրա խոսքով՝ կուսակցությունում ընթանում են նորմալ քննարկումներ, եւ կառավարող ուժը տարբեր քննարկումների միջոցով փորձում է  գտնել լավագույն լուծումը։ Նա ավելացրել է, որ կուսակցության վարչությունն իր լիազորություների շրջանակում իրականացնում է քննարկումներ։ «Ես վարչության անդամ չեմ եւ մասնակցում եմ նիստերին որպես խմբակցության ղեկավար, ուստի լիազորված չեմ տեղեկացնել քննարկումների ընթացքի մասին ղեկավար մարմնի անունից»,- նշել է Կոնջորյանը։

Նա հավաստիացրել է, որ քննարկումներն անցնում են առողջ մթնոլորտում, թեկնածուները ներկայացնում են իրենց ծրագրերը։ «Մենք պետք է առաջ ընթանանք լավագույն թեկնածուին ընտրելու տրամաբանությամբ, քանի որ դա թելադրված է պետական շահերով։ Հաշվի առնելով ոլորտի կարեւորությունը՝ բարձր չափորոշիչներ են սահմանվել, որոնցից ելնելով դժվար է եզրահանգման գալ։ Ես դա բնական եմ համարում»,- ընդգծել է նա։

Կոնջորյանը հավաստիացրել է, որ երկրում արդարադատության սահմանումը գերակա է իշխանության համար։ Նա խոստովանել է, որ հանրությունը պարբերաբար դժգոհություն է հայտնում այս առիթով։ «Անձամբ ես այնքան էլ գոհ չեմ այն տեմպերից, որոք այսօր տեսնում եմ, բայց չեմ ցանկանում լրացուցիչ մեկնաբանություններ տալ»,- ամփոփել է խմբակցության ղեկավարը։