Գուցե ինչ-որ մեկը երազում է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չմասնակցի 2026թ. ընտրություններին, բայց մենք չենք պատրաստվում որոշ շրջանակների նման բավականություն պատճառել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հոկտեմբերի 23-ին ասել է կառավաող «Քաղպայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։
Նա համոզմունք է հայտնել, որ բախտորոշ ժամանակաշրջանում կուսակցությունը Հայաստանում կատարում է կարեւոր ֆունկցիա եւ կշարունակի անել դա։ «Մենք քաղաքական ուժ ենք, որը մանդատ է ստացել Հայաստանի քաղաքացիներից, մենք օրգանապես կապված ենք ժողովրդի հետ։ Եթե ժողովուրդը որոշի, որ վստահում է մեզ, ապա մենք ուրախությամբ կկատարենք այդ առաքելությունը»,- ավելացրել է խմբակցության ղեկավարը։
Նա հավաստիացրել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կատարել է բազմաթիվ խոստումներ։ Կոնջորյանը նշել է, որ իշխանություններն ուշադիր հետեւում են սոցիոլոգիական հարցումներին, հանրային տրամադրություններին, ամեն բան իմանում են եւ աշխատում են բացթողումների վրա։ «Կան բազմաթիվ ոլորտներ, որոնցում մենք ծրագրեր ենք իրականացնում։ Կան նաեւ ոլորտներ, որոնցում դժվարություններ կան։ Հանրությունը տալիս է իր գնահատականը ընտրությունից ընտրություն թե՛ իշխանություններին, թե՛ ընդդիմությանը»,- ընդգծել է խորհրդարանական մեծամասնության ղեկավարը։











