Վանաձորի Նարեկացի փողոցում այս պահին վթարաստեղծ իրավիճակ է ստեղծված: Մոտ մեկ տարի է, ինչ սարերից հոսող ջրերը լցվում են նշված ճանապարհը, որն ի դեպ, միջպետական նշանակություն ունի: Այդ ճանապարհով օրական երթեւեկում են հարյուրավոր մարդատար ու բեռնափոխադրող ավտոմեքենաներ, իսկ ջրով ողողված ճանապարհն այս օրերին արդեն ամբողջությամբ սառցակալել է: Այս ճանապարհին արդեն հասցրել են գրանցվել վթարներ եւս:
Խնդրի շուրջ պարզաբանումներ փորձեցինք ստանալ Լոռիի մարզպետարանի տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի պետ Վարդան Գեւորգյանից, ով փաստեց, որ ճանապարհը բարեկարգ համարել չի կարելի: Ըստ նրա, սարից անընդմեջ հոսող ջրերին գումարվել է նաեւ փողոցի հատվածով անցնող ջրագծի վթարը:
Վանաձորի քաղաքապետարանի ճարտարապետության եւ քաղաքաշինության բաժնի պետի տեղակալ Արշավիր Ղուկասյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ Նարեկացի փողոցով անցնող ճանապարհը հանրապետական ու մմիջպետական նշանակություն ունի, սպասարկվում է «Ճանշին» կազմակերպության կողմից: Փողոցի սառցակալումը վերացնել հնարավոր չէ, քանի որ միանգամից 2 խնդիր կա` սարից հոսող ջուրն ու վթարված ջրագիծը:
«Քաղաքապետարանի կողմից դիմում է ուղղվել ՀՀ կառավարություն, այնտեղից ֆինանսավորում չտրամադրելու պատճառով խնդրի լուծումը ամենայն հավանականությամբ կտրվի հաջորդ տարի»,-նշեց Արշավիր Ղուկասյանը:
Նրա փոխանցմամբ, հնարավոր է սեփական ուժերով վերացնել ջրագծի վթարը, դրա համար պետք է անձրեւաջրերի կոյուղագծի կտորը միացվի ընդհանուրին, սակայն քաղաքապետարնն էլ չունի համապատասխան միջոցներ` Նարեկացի փողոցի հատվածը բարեկարգելու համար, բացի այդ, չունի նաեւ իրավունք` միջամտել հանրապետական նշանակություն ունեցող ճանապարհի նորոգմանը:











