Մոսկվայում բնակվող գյումրեցի մի կին, ով ցանկացել է անհայտ մնալ, դիտելով «Գյումրի. Անտուն եւ անտեսված որբ երեխաներ» տեսանյութը, ցանկություն է հայտնել հոգալ այդ` երեք միակողմանի ծնողազուրկ երեխաների Ամանորյա սեղանի եւ ձմռան վառելափայտի ծախսերը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Գյումրիում անօթեւան Էլմիրա Թամազյանը, ով իր խնամքի տակ ունի երեք միակողմանի անչափաս որբեր, պետության կողմից բնակարանային փոխհատուցման ենթակա չէ:

«Ամբողջ ձմեռ ստիպված երեխաների շորերը հավաքում եմ ու գարնանը, երբ փողոցում ջրի ծորակը գալիս է նոր լվացքը անում եմ» - «Շիրակ Կենտրոնի» ներկայացուցչին ասել է Էլմիրան: Այս ընտանիքն ապրում է բարեկամներից մեկի քարուքանդ, կոմունալ բոլոր տեսակի հարմարություններից եւ ջրամատակարարումից զուրկ տնակում: Նրանք թեեւ երկրաշարժին բնակարան են կորցրել, սակայն անօթեւանների հերթացուցակում ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված ժամկետում չհաշվառվելու պատճառով պետության կողմից բնակարանային փոխհատուցման ենթակա չեն:

Ընտանիքի հայրը մահացել է երեք տարի առաջ, երեխաներից մեծը` Բուրաստանը, սովորում է 9-րդ դասարանում, միջնեկը` Անահիտը 4-րդ, իսկ փոքրը` Կարուշիկը չորս տարեկան է: Ընտանիքի գոյությունը մի կերպ պահում է մայրը, ով տարբեր մարդկանց տանն աշխատում է օրավարձով: Չորսամյա տղային ստիպված է լինում երբեմն տանը թողնել միայնակ, ինչի պատճառով երեխան թաղի մեծահասակ երեխաների կողմից հաճախակի ենթարկվում է բռնությունների: Նրանց տնակի հարեւանությամբ է գտնվում Գյումրիի թիվ 4 մանկապարտեզը, սակայն այնտեղ երեխային չեն ընդունում, ընտանիքի անվճարունակ լինելու պատճառով` ամսական վարձը 10 000 դրամ է:

Միայնակ երեք որբ երեխաներ խնամող 35-ամյա Էլմիրա Թամազյանի տնակը թեեւ տեղադրված է քաղաքի կենտրոնական մասում, սակայն նրանք անտեսված ու լքված են բոլորի, այդ թվում Գյումրիում գոյություն ունեցող տասնյակ միջազգային ու տեղական բարեգործական կազմակերպությունների կողմից:

Բարեբախտաբար տեսանյութը դիտելուց հետո մեկ այլ բարերար էլ ցանկություն էր հայտնել հովանավորել երեխայի նախակրթարանի վարձը: Ի դեպ նա նույնպես չցանկացավ, որ հրապարակվի իր անունը:

Ավելացնենք, որ տեսանյութի հրապարակումից անմիջապես հետո այս ընտանիքին աջակցություն էին ցուցաբերել նաեւ ՀԱԵ Շիրակի թեմը` նրանց ընդգրկելով Կանադահայոց Թեմի կողմից ամենամսյա նպաստ ստացող երեխաների ցանկում, իսկ Գյումրիի Հայ Կաթողիկե Երիտասարդ Միության անդամները տրամադրել էին վառելափայտ: