Բուդապեշտում Լեհաստանի դեսպան չի լինի, քանի որ նա Վարշավայում կլինի անժամկետ խորհրդակցությունների մեջ։ Ըստ Euronews-ի՝ դրա մասին հայտարարել է Լեհաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Պավել Վրոնսկին։

Սկանդալը ծագել է, երբ Հունգարիան քաղաքական ապաստան է տվել պատգամավոր և արդարադատության նախկին փոխնախարար Մարչին Ռոմանովսկուն, որին կասկածում են Լեհաստանում պետական ​​միջոցների յուրացման մեջ։ Դրա մասին գրում են RMF24-ը և TVN24-ը՝ վկայակոչելով Ռոմանովսկու փաստաբանին։

Նա սոցցանցում գրել է, որ իր պաշտպանյալը Հունգարիայում ստացել է միջազգային պաշտպանություն՝ նրա իրավունքները և ազատությունները ոտնահարած «Լեհաստանի կառավարության և նրան ենթակա Ազգային դատախազության գործողությունների առնչությամբ», հայտնում է ուկրաինական «hromadske» պարբերականը։

Ռոմանովսկին, ըստ նրա, չի կարող հույս դնել Լեհաստանում արդար դատավարության վրա՝ «որոշ դատավորների քաղաքական կողմնակալության պատճառով, ովքեր բացահայտորեն արդարադատության գործող նախարարին են պաշտպանում»:

Նախօրեին Վարշավայի դատարանը եվրոպական ձերբակալման հրամանագիր է արձակել քաղաքական գործչին, որին մեղադրում են ավելի վաղ ղեկավարած Արդարադատության նախարարության հիմնադրամի միջոցների կառավարմանն առնչվող 11 հանցագործությունների մեջ։