Վերջերս ՌԴ-ում հայ գործարարի մոտից գերությունից փրկված գյումրեցի 5 երեխաների մայր Գոհար Խաչատրյանը օգնության կարիք ունի, սակայն նրա խնդրանքը ոչ տուն է, ոչ էլ նյութական օգնություն: Հիմնական խնդրանքը 2 որդիներին Ռուսաստանում հայ գործարարի գերությունից ազատելն է: Հակառակ, դեպքում սպառնում է հրապարակի մեջտեղում նախ երեխաներին ժավել խմացնել, հետո անձամբ խմել:
Ներկա պահին տնակը, որտեղ բնակվում է Գոհար Խաչատրյանը վարձակալությամբ է վերցրել, մինչ այդ ունեցել է իր սեփական տնակը, որից քրոջ պատճառով զրկվել է: Երբ ՌԴ-ում գերությունից փրկվել ու եկել է Հայաստան, հարեւանները փոխանցել են, որ քույրը ծախել է տնակը:
Իսկ մինչ այդ ՌԴ էր մեկնել չկարողանալով դիմակայել գայթակղիչ առաջարկին: «Մեզ խաբեցին կանչեցին, ասելով, թե ամիսը 25 հազար կվճարենք, ամեն, ինչ լավ կլինի, 3 սենյականոց տունը կա, երեխաներիս դասի կտանեն: Այնինչ` գնացինք տեսանք, որ ոչ մի գրանցում, ոչ մի դպրոց: Տղաս 8 ամիս դասի չի գնացել: Երբ ես տանողին ասացի, որ մեզ Հայաստան ուղարկի, դա պատասխանեց լավ եմ արել, ոնց եկել ես, ընենց էլ գնա»,- պատմեց անելանելի վիճակում հայտնված կինը:
Նրա խոսքով, ստրուկի կարգավիճակում մի քանի ամիս դիմացել է ռուսաստանաբնակ հայ գործարարի մոտ հացի փռում որպես հացթուխ աշխատելով: «Գործարարը հայ է, բնակվում է Էջմիածնում, իսկ անունն Արագած է: Վերջինս ցեխեր ունի, ռեստորան եւ հացի փուռ Վլադիվոստոկում»,- ավելացրեց Գոհարը, ով որոշ ժամանակ անց տնտեսած գումարներով որդիներից մեկի հետ վերադարձել է Գյումրի:
«Ռուսերեն չգիտեի, փոքր որդուս հետ հասել եմ Մոսկվա 7 օր, 7 գիշեր սոված ծարավ եմ մնացել»,- հիշում է կինը:
Սակայն Գոհարի 2 որդիները շարունակում են շահագործվել ՌԴ-ում նույն հայ գործարարի մոտ: 3 օր առաջ է մեծ որդին զանգահարել եւ փոխանցել, որ Ալիկը իրեն նեղում է ասելով, թե գիշեր-ցերեկ պետք է մնաս փռի մեջ համ էլ պահակություն անես: Ավելին 4 տարի է, ինչ տղան այնտեղ է, բայց նրա փաստաթղթերը հայ գործարարը վերցրել է: 5 երեխաների մայրն այժմ ապրում է միայնակ աղջկան ամուսնացրել է, 2 որդիները ապրում են մանկատանը, իսկ 2 գերության մեջ են: «Հիմա ես վախենում եմ մեծ երեխիս եւ միջնեկին` Սամվելիկին վնաս չտա: Վերջին անգամ 25 տարեկան տղաս զանգել լացում է, թե մի բան արեք: Ասում եմ փող չունեմ ցավդ տանեմ, ինչով կանչեմ: Ամոթ բան չէ փողոցում հավաքարար եմ աշխատում, էլի կաշխատեմ միայն թե երեխաներս ինձ հասնեն»,- ահազանգում է Գոհար Խաչատրյանը:











