Աշխարհաքաղաքական ներկա զարգացումների խորապատկերի վրա Հայաստանի շուրջ ձևավորվող անվտանգային սպառնալիքները օրեցօր դառնում են առավել անմիջական և խիստ վտանգավոր։ Այս մասին ԱԺ-ում հայտարարությունների ժամին իր ելույթում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը:

Նա, մասնավորապես, նշեց. «Ադրբեջանի ղեկավարության հայատյաց ռազմաշունչ և ծավալապաշտական հայտարարություններն ու քայլերը ավելի ու ավելի սանձարձակ բովանդակություն են ստանում և վերածվում վերջնագրերի։ Հայաստանի իշխանություններն իրենց հերթին ահաբեկելով սեփական ժողովրդին վերահաս պատերազմի հնարավորությամբ և այդ պատերազմում անխուսափելի պարտությամբ, լծվել են թուրք-ադրբեջանական տանդեմի անվերջանալի պահանջները հիմնավորելու և բավարարելու ազգակործան գործին։

Հայ ժողովրդի և նրա ազգային ուժերի պատմական առաքելությունն է ազատվել «կապիտուլյացիա, թե պատերազմ» այս կործանարար երկընտրանքից և հաստատել իրական, անշրջելի և արդար խաղաղություն։

Հետագա անդառնալի կորուստներից խուսափելու և Հայաստանի դիմագրավված գոյութնական մարտահրավերները հաղթահարելու նպատակով անհրաժեշտ է բեկում մտցնել ստեղծված իրավիճակի մեջ, ձևավորելով նոր որակի իշխանություն և հաստատելով երկրի զարգացման ազգային պետական ուղեգիծ:

Հրատապ անհրաժեշտություն է ամրապնդել և արմատապես փոխել կառավարության քաղաքականությունը հետևյալ երեք առաջնահերթ ուղղություններով.

Հայկական ինքնության և հայոց պետականության պահպանման օրակարգի շուրջ համահայկական ազատորդաշարժի իրականացում.

Հայոց ցեղասպանության վերաբերյալ թուրքական ժխտողականությանը նպաստելը, Արցախի ժողովրդի էթնիկ զտումները և հայրենազրկումը անհետևանք թողնելը գոյութենական սպառնալիք է հայկական ինքնությանը, Հայաստանի ինքնիշխանությանը և վավերացնում է ուժի դիրքերից հարցեր լուծելու նախադեպը։

Պաշտպանության գործում համաժողովրդական մասնակցություն ապահովելու տրամաբանությամբ համահայկական առաջնահերթ որակալ դարձնել բանակի և պաշտպանության անվտանգության համակարգերի հրատապ վերակառուցումը առկա մարտահրավերների հաշվառմամբ։

Որդեգրել անվտանգային նոր ճարտարապետության ձևավորմանը և դիվանագիտական դիրքերի վերականգնմանը միտված որակապես այլ բովանդակություն ունեցող արտաքին քաղաքականություն, ինչը ենթադրում է ռազմավարական հարաբերությունների հաստատում ընդհանուր աշխարհաքաղաքական նպատակներ հետապնդող երկրների ու դաշինքների հետ, որոնց անմիջական շահերից է բխում հայկական կենսունակ պետության գոյությունը։

Այս մոտեցումը ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմավարական դաշնակցային հարաբերությունները, Իրանի հետ կնքել ռազմաքաղաքական դաշինք, զարգացնել տարածաշրջանից դուրս այլ ուժային կենտրոնների և Արևմուտքի հետ փոխլրացնող հարաբերություններ։

Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորել իրենց ժամքերը այս օրակարգի շուրջ։ Դաշնակցությունը պատրաստակամ է համագործակցել բոլորի հետ, որոնք կիսում են այս մոտեցումները և պատրաստ են պայքարել հանուն արժանապատիվ և անվտանգ Հայաստանի ու Արցախի»: