ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ եվրոպական երկրները «մեծապես» պատասխանատվություն են կրելու Ուկրաինային պաշտպանական օգնություն տրամադրելու համար: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է ՀՕՊ համակարգերին, հաղորդում է CNN-ը։

Սպիտակ տանը լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ զրույցում ԱՄՆ նախագահին հարցրել են, թե արդյոք նա ապագայում ռազմական օգնություն կցուցաբերի Ուկրաինային, մասնավորապես այն բանից հետո, երբ Վաշինգտոնն ու Կիևը ստորագրեն ուկրաինական հանքային ռեսուրսների մասին համաձայնագիրը։

«Դրա համար մեծապես պատասխանատվություն է կրելու Եվրոպան»,- ասել է ամերիկացի առաջնորդը։

Դիտարկմանը, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խնդրել է ամերիկյան աջակցությունն Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրելու հարցում, Թրամփը պատասխանել է, որ «բանակցությունները շարունակվում են»։

«Չեմ կարծում, որ սա (Ուկրաինայի անվտանգության երաշխիքները) խնդիր կլինի, շատերն են ցանկանում միանալ դրան։ Ես խոսել եմ Ռուսաստանի հետ, կարծես թե դա նրանց համար խնդիր չէ, կարծում եմ՝ նրանք դա հասկանում են»,- ասել է ԱՄՆ նախագահը։

Ուկրաինային հակաօդային պաշտպանության համակարգեր տրամադրելու մասին ճշտող հարցին Սպիտակ տան ղեկավարը պատասխանել է, որ դա նույնպես պետք է առաջին հերթին Եվրոպայի պատասխանատվությունը լինի։ Նա կրկին կրկնել է, որ «շատ լավ խոսակցություններ» է ունեցել Ուկրաինայի և Ռուսաստանի հետ։