Դեռ վաղ է քննարկել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման վայրը։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին լրագրողների հարցերին պատասխանելիս ասել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը։
Նա թվարկեց պաշտոնական Բաքվի կողմից նախապես հայտարարված՝ փաստաթղթի ստորագրման պայմանները՝ Հայաստանի Սահմանադրության փոփոխություններ և Մինսկի խմբի վերացում. «Վերջին հարցով երկու պետություններն էլ կարող են դիմել ԵԱՀԿ-ին։ Ադրբեջանական կողմն արդեն որոշ ժամանակ է՝ առաջ է քաշում այս առաջարկը՝ հաշվի առնելով, որ հակամարտությունը լուծված է։ Ցավոք, հայկական կողմը դեռևս չի արձագանքել համատեղ կոչին։ Հուսով ենք, որ Հայաստանը մեզ կտեղեկացնի իր իրական մտադրությունների մասին։ Հաշվի առնելով Հայաստանում ռեւանշիստական ուժերի գործունեությունը, մենք սա համարում ենք լուրջ ռիսկ»։
Հիշեցնենք, որ, ըստ Հայաստանի ներկայացուցիչների, ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը հնարավոր է համապատասխան համաձայնագրի ստորագրումից հետո։ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը Բաքուն դնում է որպես ստորագրման պայմաններից մեկը։ Նախկինում կողմերը հայտարարում էին, որ պայմանավորվել են բոլոր կետերի շուրջ, սակայն այժմ պարզվում է, որ Բաքուն ամեն կերպ շահարկում ու ձգձգում է գործընթացը։ Այսպիսով, փաստաթղթի ստորագրման հնարավորությունը նահանջում է դեպի մշուշոտ ապագա։





























