Չնայած հրադադարի խախտման դեպքերի մասին ադրբեջանական կողմից ժամանակ առ ժամանակ տարածվող տեղեկատվությանը, 2024 թվականի ընթացքում հայ-ադրբեջանական սահմանին պահպանվել է համեմատաբար կայուն օպերատիվ իրավիճակ։ Այս մասին մարտի 21-ին Ազգային ժողովում 2024 թվականի պետական բյուջեի միջոցների կատարման նախագծի քննարկման ժամանակ՝ ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նիստում, հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
Նախարարի խոսքով՝ 2024 թվականին Հայաստանի Հանրապետության զինված ուժերում համակարգային արմատական բարեփոխումների իրականացման հիմնական ուղղությունները որոշելու նպատակով մշակվել, հաստատվել և հրապարակվել է բանակի վերափոխման հայեցակարգը։ Բացի այդ, մշակվել է այս հայեցակարգի հիման վրա գործողությունների ծրագիր:
«Զենքի և ռազմական տեխնիկայի արդիականացման, ինչպես նաև նոր մոդելների ձեռքբերման նպատակով զենքի և ռազմական տեխնիկայի մատակարարման պայմանագրեր են կնքվել մի շարք ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ընկերությունների հետ։ Շարունակվել են նաև ինժեներաշինարարական աշխատանքները։ Աշխատանքներ են տարվել մշտական զորքերի տեղակայման վայրերի կառուցման և վերանորոգման ուղղությամբ»,- ասաց նախարարը։





























