Ստամբուլի քաղաքապետ, ընդդիմադիր քաղաքական գործիչ Էքրեմ Իմամօղլուն, որը ձերբակալվել է Թուրքիայում, կարծում է, որ օտարերկրյա կառավարությունները բավական ակտիվ չեն արձագանքել իր ձերբակալությանը, փոխարենը պահպանել են «խլացնող լռություն»։ Այս մասին նա գրել է The New York Times թերթի սյունակում։
Քաղաքական գործիչը նշել է, որ «սոցիալ-դեմոկրատ առաջնորդները, Թուրքիայի քաղաքների ղեկավարները եւ նրա սահմաններից դուրս՝ Ամստերդամից մինչեւ Զագրեբ, ցույց են տվել իրենց խիզախ եւ սկզբունքային աջակցությունը»։ «Քաղաքացիական հասարակությունը նույնպես չի հուսահատվել, իսկ օտար երկրների կենտրոնական իշխանությունները, նրանց լռությունը խլացուցիչ է»,- գրել է թուրք քաղաքական գործիչը:
Նա, մասնավորապես, նշել է, որ Վաշինգտոնը միայն «մտահոգություն է հայտնել Թուրքիայում տեղի ունեցած վերջին ձերբակալությունների եւ բողոքի ակցիաների կապակցությամբ», իսկ եվրոպացի առաջնորդները, «մի քանի բացառություններով», չեն կարողացել վճռական դիրքորոշում ընդունել։
Իմամօղլուի խոսքով՝ այս արձագանքը բացատրվում է «դիվանագիտականհաշվարկներով՝ քողարկված որպես ռեալիզմի քաղաքականություն»։ Մասնավորապես, նա գիտակցում է, որ Թուրքիայի ռազմավարական նշանակությունը մեծացել է Ուկրաինայի հակամարտության եւ Սիրիայում իշխանափոխության ֆոնին։ «Բայց աշխարհաքաղաքականությունից ելնելով՝ չպետք է անտեսենք արժեքների էրոզիան, հատկապես մարդու իրավունքների խախտումները»,- գրել է քաղաքական գործիչը։ Նրա կարծիքով՝ «Թուրքիայում ժողովրդավարության պահպանումը վճռորոշ է նրա ժողովրդի եւ աշխարհում ժողովրդավարության ապագայի համար»։
Իմամօղլուն կալանավորվել է մարտի 19-ին՝ կոռուպցիայի եւ ահաբեկիչների հետ կապերի մեղադրանքով։ Նա եւ իր համախոհները մեղադրանքները համարում են քաղաքականացված, քանի որ 2028թ. սպասվում են նախագահական ընտրություններ, եւ Իմամօղլուն, ըստ կանխատեսումների եւ գնահատականների, հնարավորություն ունի մրցելու բարձր պաշտոնի համար։ Ձերբակալությունից հետո Թուրքիայում բողոքի ակցիաներ են տեղի ունեցել. առնվազն 1,8 հազար մարդ բերման է ենթարկվել, 260-ը կալանքի տակ է։





























