Թուրքական ոստիկանությունը ձերբակալել է երկու հայտնի ընդդիմադիր լրագրողների՝ Ստամբուլում հավանական սպառնալիքների եւ շանտաժի հետաքննության շրջանակում իրականացված արշավների ժամանակ։ Այս մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ հղում կատարելով դատական ​​փաստաթղթին, որն իր տրամադրության տակ ունի խմբագրությունը։

Հինգշաբթի՝ ապրիլի 10-ի առավոտյան, Ստամբուլում հավանական սպառնալիքների եւ շանտաժի հետաքննության շրջանակում խուզարկությունների ժամանակ երկրի ոստիկանությունը բերման է ենթարկել երկու հայտնի ընդդիմադիր լրագրողների՝ Թիմուր Սոյքանին եւ Մուրատ Աղիրելին։

Ինչպես նշվել է, Սոյքանն ու Աղիրելը հայտնի են իրենց հետաքննություններով եւ քննադատական ​​վերաբերմունքով կառավարության քաղաքականության եւ պետական ​​ինստիտուտների նկատմամբ: Երկուսն էլ աշխատում են Halk TV-ում, որն ընդդիմադիր դիրքորոշում է ցուցաբերում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարությանը:

Դատական փաստաթղթում ասվում է, որ Ստամբուլի դատարանը հաստատել է լրագրողների շենքում խուզարկության հրամանը, որը թույլ է տալիս առգրավել եւ ստուգել թվային սարքերը, այդ թվում՝ համակարգիչներ, կոշտ սկավառակներ եւ բջջային հեռախոսներ:

Նշվել է, որ որոշումը կայացվել է Ստամբուլի գլխավոր դատախազության պահանջով քրեական օրենսգրքի «սպառնալիքների» եւ «շանտաժի» հոդվածներով հետաքննության շրջանակում։

Գործակալությունն ավելացրել է, որ պետական ​​կառույցների հետ ենթադրյալ մաֆիայի կապերի մասին մի քանի գրքերի հեղինակներ Սոյքանն ու Աղիրելը նախկինում ենթարկվել են ճնշումների իրենց լրագրողական գործունեության պատճառով։

Նշենք, որ թուրքական ոստիկանությունը մարտի 24-ին բերման էր ենթարկել 10 լրագրողի: Լրագրողները ձերբակալվել են Ստամբուլում եւ այլ քաղաքներում Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի բանտարկության դեմ բողոքի ցույցերը լուսաբանելու համար, նշել է ԶԼՄ-ների եւ իրավունքի ուսումնասիրման ասոցիացիան, որն իրավական աջակցություն է տրամադրում լրագրողներին Թուրքիայում։