Վրաստանի նախագահ Միխայիլ Կավելաշվիլին իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիեւի հետ համատեղ մամուլի ասուլիսում ասել է, որ Վրաստանը ողջունում է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության համաձայնագրի բոլոր կետերի շուրջ բանակցային գործընթացի ավարտը, հաղորդել է Վրաստանի Առաջին ալիքը։
«Վրաստանը միշտ եղել է Հարավային Կովկասում երկխոսության, դիվանագիտության եւ խաղաղ գոյակցության կողմնակից, եւ այդ ընթացքը կշարունակվի ապագայում: Մեր երկրների միջեւ հատուկ, երկարամյա բարեկամությունը եւ ընդհանուր, խելամիտ քաղաքականությունը մեզ թույլ են տվել ճիշտ սահմանել մեր տարածաշրջանի դերը: Վստահ եմ, որ մեր ընդհանուր ապագան ներառում է Հարավային Կովկասի հաջող, տնտեսապես ուժեղ եւ բարգավաճ տարածաշրջանը, որտեղ մեր ժողովուրդները կարող են ուրախությամբ գոյակցել իրենց սովորույթներով եւ կանոններով, այլ ոչ թե պարտադրված կեղծ ազատական արժեքներով։ Ցավոք, վերջին ժամանակներս մեր երկրները բազմիցս դարձել են արտաքին ուժերի երկակի ստանդարտների եւ ներքին գործերին միջամտելու օբյեկտ։ Չնայած բազմաթիվ փորձերին՝ մենք վճռականորեն լուծում ենք այդ սպառնալիքները եւ ապահովում տարածաշրջանում անվտանգությունն ու կայունությունը։ Անհնար է, որ որեւէ երրորդ երկիր կամ կազմակերպություն մեզնից լավ իմանա, թե որն է լավագույնը մեր ժողովուրդների համար»,- հայտնել է Կավելաշվիլին։




























