Թուրքիայի ծայրահեղ աջակողմյան ընդդիմադիր «Զաֆեր» կուսակցության առաջնորդ Ումիթ Օզդաղը Ստամբուլի դատարանի որոշմամբ ազատ է արձակվել կալանքից։ Նա դատապարտվել է երկու տարի չորս ամիս ազատազրկման, սակայն դատարանը նրան՝ 148 օր կալանքի տակ անցկացնելուց հետո, ազատ է արձակել, հաղորդում է Halk TV-ն։

64-ամյա Օզդաղը ձերբակալվել էր հունվարին՝ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու մեղադրանքով։ Նրան միաժամանակ մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի «անհամաձայնություն և ատելություն հրահրելու» հոդվածով՝ սիրիացի փախստականներին Թուրքիայից վտարելու կոչ անելու համար։

Թուրքիայում նախագահին վիրավորելու համար մեղադրվողները դատապարտվում են 1-4 տարի ազատազրկմամբ։