Քրդստանի բանվորական կուսակցությունը (ՔԲԿ) ուրբաթ օրը կսկսի զինաթափման գործընթաց, ինչը կարող է վերջ դնել Մերձավոր Արևելքի ամենաերկարատև զինված հակամարտություններից մեկին, հաղորդում է Bloomberg-ը։

Ինչպես հայտնում է Hurriyet թերթը, ՔԲԿ-ի զինյալների մի խումբ իր զենքը կհանձնի Իրաքի քրդական ինքնավար շրջանում կայանալիք արարողության ժամանակ։ Ակնկալվում է, որ գործընթացին կհետևեն Թուրքիայի, Իրաքի կենտրոնական կառավարության և Քրդական ինքնավար շրջանի կառավարության ներկայացուցիչները։

Այս քայլը կդառնա զինաթափման առաջին իրական փուլը մայիսից ի վեր, երբ ՔԲԿ-ն հայտարարեց իր զինված կազմավորումները լուծարելու և թուրքական պետության դեմ գրեթե 40-ամյա զինված պայքարն ավարտելու մտադրության մասին։ Հակամարտության ավարտը կարող է նաև նպաստել Թուրքիայի տնտեսական աճին. ըստ փորձագետների գնահատականների, հակամարտության տարիներին երկիրը կորցրել է մոտ 1,8 տրիլիոն դոլար, ներառյալ ռազմական ծախսերի պատճառով բաց թողնված տնտեսական հնարավորությունները։

Գործընթացի վերջնական մասշտաբները դեռևս պարզ չեն. Թուրքիայի իշխանությունները կոչ են արել ամբողջական զինաթափումն ավարտել ոչ ուշ, քան հինգ ամսվա ընթացքում, սակայն ՔԲԿ-ի ոչ բոլոր զինված ստորաբաժանումներն են հաստատել իրենց մասնակցությունը։

ՔԲԿ-ի առաջնորդ Աբդուլլահ Օջալանը, որը 1999 թվականից ցմահ ազատազրկում է կրում Իմրալի կղզու մեկուսարանում, չորեքշաբթի օրը տեսաուղերձում զինաթափման գործընթացն անվանել է «զինված հակամարտության փուլից անցում դեպի ժողովրդավարական քաղաքականության և իրավունքի փուլ»։

ՔԲԿ-ն, որը ստեղծվել է 1984 թվականին և հանդես է եկել քրդերի ինքնավարության օգտին, Թուրքիայի, ԱՄՆ-ի և Եվրոպական միության կողմից ճանաչվել է ահաբեկչական կազմակերպություն։ Տարբեր գնահատականներով, հակամարտությունը խլել է ավելի քան 40 հազար մարդու կյանք, իսկ զինված բախումները հաճախ տեղափոխվել են Իրաքի, Սիրիայի և Իրանի տարածքներ։