Քրդական բանվորական կուսակցության տասնյակ զինյալներ ուրբաթ օրը Հյուսիսային Իրաքում կայանալիք արարողության ժամանակ կհանձնեն իրենց զենքը։ Այս քայլը կդառնա խորհրդանշական, բայց կարևոր փուլ Թուրքիայի հետ բազմամյա զինված դիմակայության ավարտի ճանապարհին, հայտնում է Reuters-ը։
ՔԲԿ-ն, որը Թուրքիայում ճանաչված է որպես ահաբեկչական կազմակերպություն և 1984 թվականից ընդհատակյա պայքար է մղում, դեռևս մայիսին հայտարարել էր զինված կազմավորումները լուծարելու և զինված պայքարից հրաժարվելու որոշման մասին։ Նման որոշում կայացվել է նրա երկարամյա առաջնորդ Աբդուլլահ Օջալանի հրապարակային կոչից հետո, որը ցմահ ազատազրկում է կրում։
Ըստ ծրագրերին ծանոթ աղբյուրների, ՔԲԿ մոտ 40 զինյալ և մեկ հրամանատար զենքը կհանձնեն Հյուսիսային Իրաքի Սուլեյմանիա քաղաքում կայանալիք արարողության ժամանակ։
Ավելի ուշ հանձնված զենքը նախատեսվում է ոչնչացնել առանձին արարողության ժամանակ՝ Թուրքիայի և Իրաքի հետախուզական ծառայությունների ներկայացուցիչների, Իրաքի քրդական տարածաշրջանային վարչակազմի պաշտոնյաների, ինչպես նաև քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (DEM) բարձրաստիճան ներկայացուցիչների ներկայությամբ։ Հենց այս կուսակցությունն է կարևոր դեր խաղացել ՔԲԿ-ի զինաթափման գործընթացի կազմակերպման գործում։
ՔԲԿ-ն, DEM-ը և Օջալանը կոչ են արել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարությանը հաշվի առնել քրդերի քաղաքական պահանջները։ Չորեքշաբթի օրը հազվագյուտ առցանց ուղերձում Օջալանը նաև կոչ է արել Թուրքիայի խորհրդարանին ստեղծել հատուկ հանձնաժողով, որը կվերահսկի զինաթափման գործընթացը և կհամակարգի ավելի լայն խաղաղ գործընթացը։