Թուրքական բանակի ռազմական գործողություններն ու ավիահարվածները Իրաքի Քրդական ինքնավար շրջանում շարունակվում են՝ չնայած ուրբաթ օրը նախատեսված զինաթափման արարողությանը Քրդական բանվորական կուսակցության զինյալների առաջին խմբի նախապատրաստմանը։ Այս մասին ասվում է ամերիկյան Community Peacemaker Teams (CPT) կազմակերպության նոր զեկույցում, որը հետևում է թուրքական զորքերի ակտիվությանը Հյուսիսային Իրաքում, հայտնում է Rudaw-ը։
«Թուրքական ռազմական հարվածներն ու գործողությունները մնում են ինտենսիվ, թեև գնալով ավելի են կենտրոնանում առանձին շրջաններում, նույնիսկ չնայած մոտեցող զինաթափման արարողությանը», - նշվում է CPT-ի զեկույցում։
Ըստ մշտադիտարկման, հարձակումների թիվը կայուն բարձր է մնում մայիսին դրանց կտրուկ աճից ի վեր։ Միևնույն ժամանակ, CPT-ն ընդգծում է, որ քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի մասին հաղորդումներ չկան։
ՔԲԿ զինյալների կողմից զենքի հանձնման արարողությունը տեղի կունենա Իրաքի Քրդական շրջանի Սուլեյմանիա նահանգում՝ պաշտոնյաների, քաղաքական գործիչների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ներկայությամբ։ Անցկացման ճշգրիտ վայրը գաղտնի է պահվում, իսկ ուղիղ հեռարձակում չի նախատեսվում։
Փետրվարին ՔԲԿ-ի բանտարկված առաջնորդ Աբդուլլահ Օջալանը կոչ արեց հրաժարվել զինված պայքարից և անցնել քաղաքական լուծման։ ՔԲԿ-ն մարտի 1-ին հայտարարեց հրադադարի մասին, իսկ մայիսին՝ ինքնալուծարման և զինված դիմադրության դադարեցման մասին։
Չնայած դրան, ըստ CPT-ի, վերջին ամսվա ընթացքում թուրքական բանակի ակտիվությունն աճել է 8%-ով՝ մայիսի համեմատ, և դեռևս գերազանցում է մինչև հրադադարի հայտարարումը գրանցված մակարդակները։ Միայն հունիսին CPT-ն արձանագրել է առնվազն 550 հրետակոծություն և ավիահարված Քրդական շրջանի տարածքին, որոնց 98%-ը բաժին է ընկել Դոհուկ նահանգին, մասնավորապես՝ Ամեդիի շրջանին։ Ըստ տվյալների, 525 հարձակում եղել է հրետանային գնդակոծություն, ևս 25-ը՝ ավիահարված։ Սիդականի շրջանում (Էրբիլ նահանգ) արձանագրվել է հրետակոծության ընդամենը ինը դեպք։
CPT-ն հատուկ վնաս է արձանագրել Դերալուկի շրջանում (Ամեդի), որտեղ հարյուրավոր դունամ (տասնյակ հեկտար) գյուղատնտեսական հողատարածքներ և խաղողի այգիներ են ավերվել։
Բացի այդ, զեկույցում մանրամասն նկարագրված է քաղաքացիական անձանց հարկադիր տեղահանման իրավիճակը։ Ըստ CPT-ի, թուրքական ռազմական արշավի հետևանքով ամբողջությամբ լքվել է 183 գյուղ՝ 107-ը՝ Դոհուկում, 65-ը՝ Էրբիլում, ութը՝ Սուլեյմանիայում և երեքը՝ Նինևեում։
Ամբողջական ամայացման վտանգի տակ է գտնվում ևս 602 գյուղ, որտեղ բնակիչների մեծ մասն արդեն հեռացել է մշտական գնդակոծությունների պատճառով՝ թողնելով ընդամենը մի քանի ընտանիք։ Դրանցից 225-ը գտնվում են Դոհուկում, 188-ը՝ Էրբիլում, 182-ը՝ Սուլեյմանիայում և յոթը՝ Նինևեում։
CPT-ն նաև նշել է, որ ևս 405 գյուղ, որոնք ամայացել էին Անֆալի արշավի, Բաասի ռեժիմի հետ հակամարտության կամ ԻՊ-ի դեմ պատերազմի ժամանակ, այդպես էլ նորից չեն բնակեցվել՝ շարունակվող թուրքական ռազմական գործողությունների պատճառով։