Թուրքիայում ընդդիմության և ոստիկանության միջև բախումների ֆոնին որոշ սոցիալական ցանցերում խնդիրներ են առաջացել։

Գիշերվանից սկսած՝ Ստամբուլում անհասանելի են դարձել Telegram-ը, X-ը, Youtube-ը, Instagram-ը, Facebook-ը և WhatsApp-ը։ Խնդիրներ են նկատվում տարբեր կապի օպերատորների, ինչպես բջջային ինտերնետի, այնպես էլ տնային ցանցերի միջոցով միանալու փորձերի ժամանակ։

«Երկուշաբթի գիշերը Ստամբուլում՝ Ժողովրդահանրապետական կուսակցության մասնաճյուղի մոտ, բախումներ են տեղի ունեցել ընդդիմադիրների և ոստիկանության միջև: Քաղաքի վեց շրջաններում, այդ թվում՝ կենտրոնական հատվածում, իշխանությունները մինչև սեպտեմբերի 11-ը արգելել են հանրահավաքներն ու ցույցերը: Արդարադատության նախարար Յըլմազ Թունչը հայտնել է անկարգությունների և սոցիալական ցանցերում «սադրիչ» գրառումների վերաբերյալ հետաքննություն սկսելու մասին»։

Թուրքիայի իշխանությունները դեռ չեն մեկնաբանել արգելափակումները։ Ռադիոյի և հեռուստատեսության գերագույն խորհրդի (RTÜK) ղեկավար Էբուբեքիր Շահինը հայտարարել է, որ այն լրատվամիջոցներին, որոնց հրապարակումները վնասում են հանրային անվտանգությանը, սպառնում է արգելափակում՝ ընդհուպ մինչև հեռարձակման լիցենզիայի չեղարկում։