«Հայաքվե» նախաձեռնության դիտորդները բազմաթիվ խախտումներ են գրանցել խոշորացված Վաղարշապատ համայնքում տեղի ունեցած ընտրությունների ժամանակ։

Նոյեմբերի 18-ին կայացած մամուլի ասուլիսում Ատոմ Մխիթարյանը հայտնել է, որ նախընտրական քարոզչության ընթացքում «Սիվիք» պարբերականը հրապարակել է ինչ-որ սոցհարցում՝ հռչակելով իշխող կուսակցության թեկնածուին որպես մրցակցության առաջնորդ։ ՀՀ օրենսդրությունը պահանջում է նշել տվյալներ այն մասին, թե որտեղ և երբ է անցկացվել հարցումը, ինչպես նաև հարցվողների թիվը։ Պարբերականը նման ոչինչ չի հայտնում, ինչը լուրջ խախտում է, իսկ հարցումը հրապարակվում է ընտրողների վրա ազդեցություն գործելու նպատակով։

Ըստ Մխիթարյանի, ամենատարածված խախտումը վերաբերել է տեղամասերի հարևանությամբ և ներսում մարդկանց կուտակումներին։ Բազմաթիվ են բաց քվեարկության դեպքերը՝ խցիկից դուրս կամ օտար անձանց օգնությամբ։ Մի դեպքում բացակայում էր տեղամասի համարը։ Դրա փոխարեն փակցված էր թեկնածուներից մեկի պաստառը։ Մեկ այլ դեպքում վստահված անձը երկար ժամանակ նստած է եղել արկղի կողքին կամ նստած է եղել սեղանի շուրջ հանձնաժողովի անդամների հետ։ Նույն մեքենաներն էին ընտրողներին տեղափոխում, ընդ որում, նշելով կոնկրետ թեկնածուի անունը։ Ամենատարածվածը թիվ 1-ն ու 7-ն են։

Արամ Պետրոսյանը հավելել է, որ որոշ դեպքերում չի ապահովվել քվեարկության գաղտնիությունը։ Հանձնաժողովների նախագահները և քարտուղարները չեն արձանագրել վստահված անձանց և ԶԼՄ-ների տեղաշարժը։ Հայտնաբերվել են ընտրողներին, հատկապես տարեցներին ուղղորդելու փաստեր։ Ցուցակներում հայտնաբերվել են չգրանցված անձինք, մինչդեռ գրանցվածները չեն գտել իրենց անունները ցուցակներում։ Երկու տեղամասերում անջատել են էլեկտրականությունը։ Մարդիկ ստիպված են եղել բջջայիններով լույս վառել, որպեսզի թույլ չտան լցոնումները։