Հանրությունը ասելիք ունի այսօրվա Հայաստանում կատարվող իրադարձությունների վերաբերյալ, և այդ ասելիքը պետք է շատ բարձր հնչի, որովհետև վաղը, երբ որ մենք մեր դասագրքերում, պատմության էջերում կարդանք, թե ինչ է կատարվել և մեր լռությունն է դրան զուգակցի, սա խայտառակության ևս մի խայտառակություն կավելացնի։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 20–ին, «Իշխանության գրոհը սահմանադրական ազատությունների դեմ և մեր պատասխանը» թեմայով հանրային ֆորումի ժամանակ նշեց «Ապրելու երկիր» կուսակցության անդամ Մանե Թանդիլյանը։

Նա, մասնավորապես, նշեց. «Մեր հանրությունը պիտի իմանա, որ այս օրակարգի շուրջ կա ոչ միայն հակադիր քաղաքական հայացքների տեր մարդկանց համախոհություն, այլ ընդհանրապես այս անթույլատրելի վիճակը պիտի դառնա բոլորի համար ահազանգ և ղողանջի պես մի ձայն։ Ես մտածում եմ, որ այո, եկեղեցին էլ իր հերթին պիտի հնչեցնի եկեղեցու ղողանջները, զանգը, ձայնը առ այն, որ վտանգ է առկախված մեր եկեղեցու, մեր ինքնության գլխին՝ հանձինս Նիկոլ Փաշինյանի և իր վարած քաղաքականության։

Իսկ այն, որ նա չի էլ թաքցնում, թե ինչ է պատրաստվում անել, դա բոլորիս համար ակնհայտ է, և գուշակություններ տեղ անգամ չի թողնում՝ կանի, թե չի անի։ Իսի եթե մեկին թվում է, թե նա հետ կկանգնի այս քայլերից, որը նախաձեռնում է, սխալվում է։ Նա այսօր գտնում է ինչ-որ օղակներ, իսկ ամեն տեղ էլ կան թույլ օղակներ կամ մարդիկ, և դրանց միջոցով փորձում է պայթեցնել մեր ինքնության կարևոր մասը։ Ես ամենևին ինձ ամենաեկեղեցական մարդը չեմ համարում և հարգում եմ բոլորի հայացքներն ու ամեն հավատք, բայց մեզ համար պետք է եկեղեցին ընկալվի ոչ թե մի բան, որին կողմ ես կամ դեմ ես, այլ ինքնության մաս։ Եվ դա է պատճառը, որ մենք ուղղակի պարտավոր ենք գործողություններ անել, դրա մասին հռչակել, հետո դա պաշտպանել։ Այլապես ստացվում է, որ լռությունը համաձայնության նշան է։

Ասում են՝ դեմ եք, գոհ չեք, հեղափոխություն արեք»,–ասաց նա։

Թանդիլյանը հայտարարեց, որ այն մարդիկ, որոնք մասնակից են եղել այս խայտառակությանը, պիտի հայտնվեն ճաղերի ետևում, որ խաթարել են մեր ժողովրդի անվտանգությունը. «Նրանք  պիտի իմանան, որ որևէ մեկը չի ներվելու և որևէ նմանատիպ հանցագործություն չի մոռացվելու և իրենք պատիժ են կրելու»։