Թբիլիսիում, որտեղ արդեն գրեթե մեկ տարի շարունակվում են բողոքի ցույցերը «Վրացական երազանքի»՝ եվրաինտեգրացիան դադարեցնելու որոշման դեմ, ոստիկանությունը կրկին ձերբակալում է ցույցերի մասնակիցներին, գրում է «Գրուզիա Օնլայն»-ը։
Նոյեմբերի 24-ի երեկոյան հայտնի էր առնվազն հինգ ձերբակալվածի մասին։
Վրաստանի ՆԳՆ-ում առայժմ չեն հայտնել, թե ինչն է դարձել ձերբակալությունների պատճառը։
Վերջին օրերին ոստիկանությունը թույլ չի տալիս հավաքվածներին փակել Ռուսթավելի պողոտան՝ խորհրդարանի շենքի դիմաց, ինչի հետևանքով ցուցարարները երթեր են կազմակերպում, նշում է վրացական լրատվամիջոցը։
Սակայն այս դեպքերում էլ իրավապահները շարունակում են կանգնեցնել երթի մասնակիցներին՝ թույլ չտալով նրանց շարժվել ընտրված երթուղով։ Ցուցարարներին ձերբակալում են ոստիկանների օրինական պահանջներին չենթարկվելու և ոստիկանների հասցեին վիրավորանքի մեղադրանքով․ դատարանը նշանակում է տուգանքներ կամ վարչական կալանք։
Ձերբակալվածների մեջ է հայտնվել «ՏՎ Պիրվելի» հեռուստաընկերության լրագրող Գեորգի Մամնիաշվիլին, որը աշխատում էր ցույցի վայրում։ Դատավոր Զվիադ Ցեկվավան նրան կարգը խախտող է ճանաչել և տուգանել 3000 լարիով (մոտ 1100 դոլար)՝ հայտարարելով, որ «չի համարել հավաստի», թե Մամնիաշվիլին իրականացնում էր լրագրողի մասնագիտական պարտականությունները։





























