Մի խումբ քաղաքացիներ, որոնք կիբերխարդախության զոհ են դարձել, այս պահին բողոքի ակցիա են իրականացնում ՀՀ գլխավոր դատախազության դիմաց։
«Հանրային վերահսկողություն» ՀԿ նախագահ Մհեր Կարագոզյանը լրագրողների հետ զրույցում նշեց. «Այսօր մենք եկել ենք պահանջելու քաղաքացիներից շորթված գումարները, որովհետև այդ հանցագործությունները տեղի են ունեցել տվյալ պետական մարմինների թերի աշխատանքի արդյունքում։
ՀՀ տարածքում տեղի են ունեցել ձեռնարկատիրություններ, որոնք արգելված են եղել, դրանց մասին մարդիկ իմացել են և չեն կանխել, դրա հետևանքով երկրում ունենք մոտավորապես 20 000 և ավելի տուժածներ։ Խոսքը, մասնավորապես, զանգերի կենտրոնների միջոցով ներդրումային խարդախությունների և այլ կիբերհանցագործությունների մասին է, որոնց հետևանքով քաղաքացիները հայտնվել են ֆինանսական կազուսի առջև»։
Նա նկատեց, որ խարդախության զոհ դարձած քաղաքացիները խուսափում լրատվամիջոցներից, որովհետև ենթարկվում են հալածանքների հասարակության կողմից. «Մարդիկ սում են՝ ո՞ւր էր ձեր գլուխը, ինչի՞ եք խաբվել, ինչի՞ եք գումարները փոխանցել հանցագործներին։ Նախ հանցագործների ճակատին գրած չէր, որ իրենք հանցագործ են։ Նմանատիպ դեպքերում ամբողջ փաստաթղթաբանությունը, իհարկե, ապահովագրված է լինում։ Մենք ունենք շահառուներ, որոնք մասնագիտությամբ ծրագրավորող են։ Այստեղ կան քաղաքացիներ, ովքեր աշխատում են բանկերի փողերի լվացման բաժիններում, այնպես որ ծուղակում հայտնվելը դա միայն ու միայն միամիտ մարդու խնդիր չէ։ Ուղղակի
պետությունը ունի պարտականություն՝ պաշտպանություն տրամադրելու քաղաքացիներին, նրանց ֆինանսական իրավունքները վերականգնելու, և պետությունը չունի իրավունք ֆինանսական տուժեր կրած քաղաքացիներին մեղադրանքներ ներկայացնելու, թե իբր միամտություն է, անփութություն է։ Միամտություն և անփութություն էս մարմինների արածներն են»,–ասաց Կարագոզյանը։
Հարցին՝ արդյոք 3-4 անգամ խաբվելուց հետո 5–րդ անգամ խաբվելու դեպքում ևս խնդիրը իրավապահների դաշտում է, նա դրական պատասխան տվեց. «Այո, որովհետև առաջին անգամ, թե 5–րդ անգամ, սա նույն հանցագործություն է, սա նույն ձնագնդին է որ գլորվել ով խնդիր մեծանում է։ Մարդը ծուղակում հայտնվելով այդ հսկայական գումարները միանգամից չի տալիս։ Մենք ունենք քաղաքացիներ, որ առաջին ներդրումը արել են 1400 դոլար, դրանից հետո արել են նորից մի 1000 դոլար, հետո ինչ-որ միջազգային իբրև թե կազմակերպություններ, զանգահարում են քաղաքացիներին իբրև թե իրավաբանական ծառայություններ են, իբրև թե իրավապաշտպան կազմակերպություններ են, իբրև թե այդ կորցրած գումարը գտել են, մնում է միայն իրենց վճարեն, որ այդ գումարները վերադարձնեն, մի քանի հազար դոլար էլ վերցնում են այսպես կոչված իրավաբանները, և այդպես ձնագնդին գլորվում է։
Որոշ դեպքերում քրեական գործի նախաձեռնումից հետո անգամ քաղաքացին դեռևս ոչ միայն պաշտպանված չի, այլ հանցագործությունը նույն կերպով և ավելի մեծ թափով շարունակվում է նրա նկատմամբ և որևէ կերպ այս քաղաքացին չի կարողանում պաշտպանության հասնել»։
Նա հայտարարեց, որ իշխանությունները պետք է նրանց պարտականությունները կատարեն. «Հակառակ դեպքում այս դռները կփակենք, մենք պատրաստ չենք կույրաղիքներ պահելու, հակառակ դեպքում մենք պատրաստ չենք հարկեր վճարելու, եթե մեր իրավունքները որևէ դեպքում չի վերականգնվում։ Թող բերեն ինձ մի դեպք, որ խարդախությունների զոհ դարձած քաղաքացիներից մեկի իրավունքը վերականգնել են։ Էլ ինչի՞ ենք պահում այս կիբերանվտանգության վարչությունները, հատուկ դեպքերի քննության վարչությունները։
Հանցագործները կապվում են քաղաքացու հետ, սպառնում են, որ եթե այս կամ այն ինֆորմացիան տաս պետական մարմիններին, մենք քո գլուխը կկտրենք։ Սա իրատեսական վտանգ է քաղաքացիների կյանքի նկատմամբ։ Հիմա ի՞նչ, քնենք ուխտի ականջում, թե քնենք էշի ականջում։ Մարդը գնում է ոստիկանության բաժին հայտարարություն տալու, նրան ասում են՝ դու ես մեղավոր, նրան հուսալքում են, ասում են փողդ մեկ է չենք կարողանալու գտնել»։











