Այն, ինչ կատարվում է եկեղեցու դեմ, պրոցեսը ամբողջապես հակաիրավական է, հակաիրավական պրոցեսը իրավական լուծում չի կարող ունենալ։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 1–ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։
«Սա ուղղակի ակնհայտ քաղաքական կամ աշխարհաքաղաքական նկատառումներով պայմանավորված գործողությունների շարք է, և դրան իրավունքով հակադրվելը կարող է որոշակի ինչ-որ արդյունքներ ունենա, բայց ամբողջապես չի փարատելու մեր մտահոգությունները։ Որևէ ձևով արդարացված չէ քաղաքական կամ արտաքին որևէ ուժի միջամտությունը եկեղեցու կյանքից ներս։
Մեր եկեղեցին այսպիսի հալածանքներ, արշավներ տեսել է, լուծումը դիմանալն է, դիմադրելն է և համբերատարությամբ զինվելն է, և օգտագործել խելամտորեն այն գործիքակազմերը, որոնք որ կան։ Իհարկե նաև դա հավատավոր ժողովրդի, հանրության աջակցությամբ և ակտիվ ներգրավվածությամբ։ Ես պատրաստի դեղատոմսեր չունեմ։
Սա գլոբալ խնդիր է, միայն եկեղեցու դեմ իրականացվող արշավի խնդիր չէ։ Պատերազմից հետո Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների համար ի՞նչ լուծումներ ենք տեսնում, ի՞նչ այլընտրանքներ ունենք, մենք պիտի նաև այս հարցերին պատասխանել, եթե մենք այս հարցերին պատասխաններ չենք գտել, լոկալ եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների դեմ պատասխանները կդժվարանանք գտնել։
Լուծումը մեկն է, քանի դեռ այս իշխանությունները շարունակում են պաշտոնավարել, մեր երկրում պիտի շարունակի ներքին պառակտումը, անհամերաշխությունը, արտաքին սպառնալիքների աճը և Հայաստանի ու հայ ժողովրդի արժանապատվության կորուստը։ Լուծումը այս իշխանություններից, իրենց օրակարգից հրաժարումն է՝ օրինական, սահմանադրական, ոչ բռնի ճանապարհներով»,–ասաց նա։











