Այս պահին մենք խոսելու ենք այսօր Մայր Աթոռում կազմակերպվող սադրանքի մասին. երեկ 10 եպիսկոպոսները հայտարարություն են տարածել, որ դեկտեմբերի 18-ին ժամը 17:00-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հավաք են նախաձեռնում Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին հանգստի կոչելու պահանջով։ Այս մասին Facebook–ի իր էջի ուղիղ եթերում հայտարարել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Շատ կանխատեսելի է այս հայտարարությունից հետո բոլոր ընդդիմադիր ուժերը, գրեթե բոլոր խոշոր, փոքր, նաև այլ քաղաքական գործիչներ, բոլորը հայտարարում են, որ մենք լինելու ենք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և պաշտպանելու ենք եկեղեցին։ Ուշադրություն դարձրեք, որ որևէ ՔՊ–ական գործիչ  Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կամ առանց նրա գլխավորության չի հայտարարել, որ իրենք նույնպես գնալու են Էջմիածին այս 10 տիրադավների հետ պայքարելու ընդդեմ Գարեգին երկրորդ կաթողիկոսի։ Եվ նրանք ուղղակի կողքից հետևում են, թե ինչպես են ընդդիմադիր ուժերն ասում՝ մենք գնալու ենք, թույլ չենք տալու և այլն։

Մենք միշտ ասել ենք, նաև  բոլոր քաղաքական ուժերը հայտարարել են, որ եկեղեցու ներսում եղած խնդիրները պետք է լուծեն եկեղեցու ներսում, և մենք՝ քաղաքական գործիչներս, չպետք է միջամտենք այդ խնդիրներին։ Հիմա իմ տեղեկություններով այսօր Մայր աթոռում կա նշանակված նիստ և այս 10 եպիսկոպոսները ծանոցված են այս նիստի վերաբերյալ և իրենք գիտեն, որ իրենց համար վատ հետևանքներ է ունենալու այս նիստը, քանի որ իրենք տիրադավներ են։ Եվ իրենք որոշել են, ավելի ճիշտ Փաշինյանը որոշել էո, որ «Յոթ վերք» եկեղեցում պարտությունից հետո, օգտագործի էս մարդկանց և ստանա մոտավորապես 2021 թվականի Մեղրի իր այցի կադրերի պես կադրեր, երբ որ 10 եպիսկոպոսները գնում են Էջմիածին և դժգոհ ժողովուրդը՝ ընդդիմադիր ուժերի գլխավորությամբ սկսում է նրանց հայհոյել, վիրավորել, վարկաբեկել, գոռգռալ, բրդրդել, ցանկացած բան։ Նա շատ կուզենա, որ անգամ ծեծ լինի, օրինակ եպիսկոպոս ծեծեն, որ ինքը լեգիտիմ հնարավորություն ստանա լինելու տուժածների կողքին և զորքերով մտնի Մայր աթոռ Սուրբ Էջմիածին։

Այսինքն ասի՝ նայեք, սա կրիմինալ տարածք է, հանցագործություններ, խուլիգանություններ են այստեղ տեղի ունենում, և ինչ պետք է անի պետությունը, եթե ոչ կարգուկանոն ապահովի և վերջապես մաքրի եկեղեցին, որովհետև այնտեղ խուլիգաններ են։

Պատկերացնո՞ւմ եք, ժողովրդի կողմից ատելի Նավասարդ Կճոյանը գնում է այդ ժողովրդի միջով, պարզ է, որ արձագանքներ լինելու են, նաև կարող են լինել սադրիչներ, օրինակ, Նիկոլ Փաշինյանի կողմից ուղարկված։

Սա շատ լավ նախագծված պլան է, և այս պլանին, այս սադրանքին պետք չի որևէ կերպ տրվել։ Ես տեսա, որ շատ հարգարժան, ընդդիմադիր ուժեր, տարբեր քաղաքական գործիչներ, հարգարժան մարդիկ հայտարարում են, որ արշավը սկսվեց դեպի Մայր աթոռ, գնանք Մայր աթոռը պաշտպանենք։ Սիրելի գործընկերներ, Նիկոլ Փաշինյանը չի հայտարարել, որ ինքը գնում է Մայր աթոռի վրա, բնականաբար ոստիկանական գվարդիայի կամ այլ հատուկ ծառայությունների մարդիկ քաղաքացիական շորերով նաև պետական տարբեր աշխատողներ կարող են լինել այս 10 տիրադավներ հետ»,– հայտարարեց Մարուքյանը։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։