Լրագրողներից մեկն այսօր ինձ հարց է տվել, թե ինչպե՞ս են արցախցիները վերաբերվում նրան, որ Արցախի հոգևոր թեմի առաջնորդը ներառված լինելով 10 տիրադավ հոգևորականների շարքում, կաթողիկոսից պահանջում է հեռանալ Մայր Աթոռից. ես անկեղծ չգիտեի, թե ինչ պատասխանել այդ հարցին։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 18–ին, Facebook–ի իր էջի ուղիղ եթերում հայտարարեց արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը։

«Ասացի, որ ժամերգությանն այսօր արցախցիների թվաքանակով պարզ կլինի, թե որքանով են աջակցում Ամենայն Հայոց կաթողիկոսին։ Կուզեի նաև արցախցիներից լսել, թե ինչպես են վերաբերվում այն անձին, ով պահանջում է Վեհափառի հրաժարանը, որը արցախցիների հարցը միշտ պահել է ուշադրության կենտրոնում, միջազգային հարթակներում ամենաշատն է բարձրացրել Արցախի հարցը։ Ես ժամը 16։00-ին լինելու եմ Մայր Աթոռում և կուզեի տեսնել արցախցիների կարծիքն այս ամենի վերաբերյալ»,-նշեց Ռոման Երիցյանը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 17-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հայ Եկեղեցու հետ նրա դիմակայության մեջ աջակցող 10 եպիսկոպոսների կողմից տարածած հայտարարության մեջ վերջինս կոչ են արել քաղաքացիներին դեկտեմբերի 18-ին, ժամը 17:00-ին, միանալ իրենց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և պահանջել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականը:

Դրանից հետո Արագածոտնի թեմը, որի առաջնորդը ձերբակալված բարձրաստիճան հոգևորականների շարքում է, հայտարարություն տարածեց՝ Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցում նախատեսված միասնական ժամերգությունը տեղափոխելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: Ձերբակալված հոգևորականների աջակցության միասնական ժամերգությունը կսկսվի այսօր ժամը 17:00-ին՝ կաթողիկոսի հրաժարականը պահանջողների հավաքի հետ միաժամանակ:

Գրեթե բոլոր ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները արդեն հայտարարել են պատարագին իրենց մասնակցության մասին:

Քիչ առաջ էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ինքը 10 եպիսկոպոսների հավաքին չի մասնակցելու, թեեւ աջակցում է նրանց։