Պատրաստ եմ Կտրիճ Ներսիսյանին (Ամենայն հայոց կաթողիկոս - խմբ․) ընդունել մի օրակարգով՝ իր արժանապատիվ հեռացումն ապահովելու օրակարգով։ Այս մասին դեկտեմբերի 18-ին լրագրողների հետ կայացած հարցազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա հավելել է, որ Հայաստանի կառավարությունը չի ընդունի Կտրիճ Ներսիսյանի որևէ որոշում, քանի որ նրա ցանկացած որոշում, իր կարծիքով, անօրինական է։
Վարչապետը հայտարարել է, որ Հայր Արամը մնում է Հայր Արամ Ներսիսյանը։ «Կտրիճ Ներսիսյանի որոշումը Հարյ Արամին կարգալույծ անելու վերաբերյալ մենք չենք ընդունում», - բացատրել է Փաշինյանը։ Նա հավելել է, որ Հայաստանի կառավարությունը նաև որոշում չունի Ամենայն հայոց կաթողիկոսի կողմից կարգալույծ արված մյուս հոգևորականների վերաբերյալ։
«Ես էլ, 10 եպիսկոպոսներն էլ ընդունում ենք, որ մենք բոլորս մեղավոր ենք Հայաստանյաց Առաքելական Սուրբ եկեղեցում ճգնաժամի համար և պատասխանատու ենք այդ ճգնաժամի լուծման համար։ Այսօրվա իրադարձությունն այն մասին է, որ Հայաստանյաց Առաքելական եկեղեցում ճգնաժամ է և այլևս ոչ ոք չի կարող դա ժխտել։ Այս ճգնաժամը պետք է հանգուցալուծվի, և այն չի հանգուցալուծվի, քանի դեռ Կտրիչ Ներսիսյանը հեռացված չէ Մայր Աթոռից», - նշել է Փաշինյանը։
Նա կրկնել է, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսի եղբայրը խորհրդային տարիներին եղել է ՊԱԿ-ի (КГБ) գործակալ։ «Դրա համար վարույթ չենք կարող հարուցել, քանի որ նա եղել է ԽՍՀՄ քաղաքացի։ Հիմա արդյո՞ք օտարերկրյա գործակալությունների հետ համագործակցություն կա։ Ձեզ համար նորությո՞ւն է, որ Կաթողիկոսը ղեկավարվում է դրսից։ Ուշադիր լրատվությանը հետևեք և կտեսնեք այդ փաստերը»,- ընդգծել է Հայաստանի վարչապետը։
Փաշինյանը վստահեցրեց, որ 10 եպիսկոպոսների՝ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականը պահանջելու համար Էջմիածնի Մայր Աթոռում ժողով անցկացնելու մտադրության մասին իմացել է հայտարարությունն ընթերցելուց հետո։





























