Այս տարվա ձմռան երեք ամիսների համար կազմվել է ձանմաքրման, սանմաքրման աշխատանքների գործողությունների պլանը, միջոցառումների ցանկը, իրազեկված են բոլոր պատասխանատու կառույցները։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 22–ին, Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշեց քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը։

«Վարչական շրջանների ղեկավարների հետ կայացել է խորհրդակցություն, մանրամասն քննարկել ենք աշխատանքների սխեման, գործողությունների ժամանակացույցը՝ համաձայնեցված բոլոր կառույցների հետ։ Ռեսուրսների բաշխումն է իրականացվել այս պահի դրությամբ ներգրավված է 241 միավոր տեխնիկա՝ տարբեր տրամաչափերի գործողությունների համար, որից 216–ը ԵԱՍՄ հիմնարկի, 25-ը՝ կանաչապատում ՀՈԱԿ–ի։

Մարդկային ռեսուրսներից 614 բանվորական ուժ, որից 339–ը ԵԱՍՄ հիմնարկի աշխատակիցներն են, 275-ը՝ կանաչապատման։ Տեղում աշխատանքների կազմակերպման վերահսկման ողջ պատասխանատվությունն իրականացնում է վարչական շրջանի ղեկավարը։ Երթուղիների ցանցի և ժամանակացույցի պահպանման պատասխանատուն ԵԱՍՄ հիմնարկն է, ողջ հսկողությունը մայրաքաղաքում կիրականացվեն իմ կողմից պարոն Կարոյանի հետ, կոմունալ տնտեսության վարչության հետ։

Այս պահի դրությամբ առկա ռեսուրսները բավարար չափով պատրաստ են։ Բավարար չափով կուտակված են նաև Նոր Նորք, Արաբկիր երկու կետում և Շենգավիթում մեկ կետում համապատասխան աղու ավազի խառնուրդը։ Առաջին խմբաքանակը պատրաստ է, լրացուցիչ ԵԱՍՄ հիմնարկը ներկրում է աղ և ավազ»,–ասաց նա։

Կամո Արեյանը հավելեց, որ միշտ ունեցել են խրոնիկ մի խնդիր. ««Տնտեսվարող բոլոր սուբյեկտները պարտավոր են նաև ձմռան ամիսներին մաքրելու իրենց կցված սպասարկման տարածքը՝ մայթեր, հարակից տարածքներ։ Ձմռան նախապատրաստական աշխատանքների համատեքստում վարչական շրջանի ղեկավարները պետք է ծանուցեին այդ տնտեսվարողներին իրենց պարտականությունը կատարելու համար, սակայն այս պահի դրությամբ 9088 տնտեսվարողներից ծանուցում ստացել են 4156-ը։

Այս պահի դրությամբ 100%-ով ծանուցել է Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանը, Նուբարաշենը և Նորք Մարաշը՝ 80-85 տոկոս։ Մնացածի մոտ կիսով չափ ծանուցումները իրականացված չեն»։

Արեյանը խնդրեց քաղաքապետ Տիգրան Ավինյանին դրա վերաբերյալ հանձնարարական տալ վարչական շրջանների ղեկավարներին։

«Երկրորդը խիստ հսկողություն սահմանեն հենց այսօրվանից, անկախ այն բանից, տեղումներ կան, թե չկան։ Գիշերը մինուս ջերմաստիճան է գրանցվում, ավտոլվացման կետերը ջուրը բաց են թողնում փողոց, գիշերը սառցակալում է և ԵԱՍՄ հիմնարկը պարեկային ծառայության հետ ստիպված է լինում իրականացնել այդտեղ լրացուցիչ աշխատանքներ»,–ասաց Արեյանը։