Իրանի մտահոգությունը բավականաչափ մեծ է, հատկապես այսօր Վենեսուելան տեղի ունեցածից հետո։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը։

«Առհասարակ, վերջին ամիսներին, հատկապես Իրան-Իսրայել պատերազմից հետո, Միացյալ Նահանգների վարքագիծը գնահատելով, իրանական կողմից մենք տեսնում ենք բավականաչափ զգուշավոր հայտարարություններ, անգամ եթե թեման վերաբերում էր Իրանի հետ կապված ամենասուր խնդրին։ Իրանը բավականաչափ զուսպ է, նշում է, որ այս պահին միջուկային ուղղության վրա մեծ ջանքեր չեն կենտրոնացվում։ Այսինքն, շատ լավ հասկանալով, գնահատելով, որ մեծ հաշվով միջազգային իրավիճակը անկառավարելի է և բնականաբար նաև ԱՄՆ վարքագիծը ևս անկառավարելի է, իրանական կողմում բավականաչափ մեծ զգուշավորություն էին դրսևորում։

Ակնհայտ կերպով երևում է, որ իրանցիները շատ լավ հասկանում են, որ այս պահին միջազգային համակարգը չի աշխատում, բայց փորձում են նաև միջազգային բոլոր գործիքները ևս օգտագործել, դիմագրավելու կամ կանխելու հնարավոր արտաքին միջամտությունները։

Մյուս կողմից Իրանում լուրջ միջամտությունը, որը կտանի վարչակարգի փոփոխության, դրա ամենականխատեսելի հետևանքը քաոսն է, իսկ այդ քաոսին կարծում եմ անգամ Միացյալ Նահանգները այս պահին պատրաստ չեն։ Բայց սահմանափակ ներգրավվածության հնարավորությունը, իհարկե, չի կարելի բացառել։

Չի բացառվում նաև Իսրայելի կողմից առանձին գործողությունների իրականացումը, որը փաստի առաջ կկանգնեցնի Միացյալ Նահանգներին և կդրդի նրան աջակցության։ Եվ դա հղի է բավականաչափ լուրջ հետևանքներով Իրանի համար»,–ասաց նա։

Անդրադառնալով աշխարհաքաղաքական հնարավոր զարգացումներին, Արմեն Պետրոսյանը նշեց. «Ամենակարևոր խնդիրը Իսրայել-Իրան նոր պատերազմն է, որի հնարավորությունը շատ ավելի է մեծանում այս պահին։ Այս զարգացումները, բնականաբար, ավելի են հեռացնում Ռուսաստան-Ուկրաինա հակամարտության կարգավորման հնարավորությունը, ընդ որում երկու առումով: Մեկը ավելի անզիջում են դարձնում Ռուսաստանին, քանի որ ինչո՞ւ, օրինակ, Միացյալ Նահանգները կարող է հատուկ գործողություն իրականացնել, ձերբակալել ինչ-որ երկրի ղեկավարի, իսկ Ռուսաստանը, որը նույնիսկ ձգտում է գլոբալ դերակատարման, չի կարող իր տարածքային պահանջները շարունակել և դնել որպես հրադադարի հաստատման հիմնական պայման։ Այս գործողությունները Ռուսաստանին դարձնելու են ավելի անզիջում։

Մյուս դեպքում էլի կոշտացնելու են Ռուսաստանի դիրքորոշումը, հաշվի առնելով Իրանի դեմ հնարավոր գործողությունը, որովհետև Իրանը այնուամենայնիվ համարվում է Ռուսաստանի կարևոր գործընկերներից մեկը,  այս պահին բավականաչափ մոտ շահեր ունեն, չնայած առանձին հարցերում անգամ մրցակցություն է նկատվում, օրինակ, նույն Հարավային Կովկասում Իրանի, Ռուսաստանի չէ, այդ մրցակցությունը ակնհայտ է։

Իրանի դեմ գործողությունները վստահաբար ավելի ոչ կառուցողական են դարձնելու Ռուսաստանին»։

Փորձագետը նկատեց, որ մյուս կարևոր հանգամանքը, որը կարող է  որոշակի ազդեցություն կարող է ունենալ Մերձավոր արևելքի անվտանգային քարտեզի վրա, Թուրքիա–Իսրայել հնարավոր հակամարտությանն է, որը Մերձավոր արևելքում երևի թե ապագայի ամենականխատեսելի բախումն է. «Այնպես որ, այս պահին եղած իրողությունների համատեքստում 2026 թվականը, գլոբալ առումով ավելի է մեծացնում անորոշության գործոնը։

Այս զարգացումները չեն կարող դրական ազդեցություն ունենալ մեր տարածաշրջանի վրա։ Օրինակ, Իրանի դեմ մեծ պատերազմը չի կարող շրջանցել մեր տարածաշրջանը, և հետևաբար այստեղ խաղաղության այն գործընթացը, որ կա Հայաստանի և Ադրբեջանի միջև, սա էլ կարող է տուժել։

Նաև պետք է հաշվի առնել ադրբեջանական կողմի դիրքորոշումը, ամբիցիաները տարածաշրջանում և դրանից դուրս տարբեր վերակատարումներ ստանձնելու։

Այդուհանդերձ, կան որոշակի զսպող հանգամանքներ, որոնք մեծ պատերազմի հնարավորությունը այս պահին կարող են զսպել»,– ընդգծեց նա։