Հայաստանն ու Իրանը տարանցիկ փոխադրումների ոլորտում համագործակցության լուրջ ներուժ ունեն։ Այս մասին հունվարի 14-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրգոլամին։
Նա ընդգծել է Նախիջևանի միջոցով Իրանի և Հայաստանի միջև երկաթուղային կապի գործարկման, համատեղ ձեռնարկությունների և ազատ տնտեսական գոտիների ստեղծման կարևորությունը։
«Բացի այդ, կարևոր է էներգետիկայի ոլորտում առավել կշռադատված համագործակցություն հաստատելը, ինչպես նաև զբոսաշրջության բնագավառում համագործակցություն զարգացնելը»,- հավելել է դիվանագետը։
Նա նաև մատնանշել է ենթակառուցվածքային նախագծերի իրականացման ոլորտում փոխգործակցության զարգացման կարևորությունը։ «Այժմ մենք սպասում ենք Քաջարանի թունելի շինարարության վերաբերյալ իրանական ընկերության հետ համապատասխան պայմանագրի ստորագրմանը»,- հավելել է Շիրգոլամին։





























