ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը համարում է, որ ԱԺ ընտրություններից առաջ ԵՄ–ից խումբ ուղարկելը Հայաստանի ներքին գործերին միջամտել չէ: Այս մասին նա նշեց այսօր՝ փետրվարի 26–ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում։
«Միջամտության մասին խոսք չկա, խոսքն աջակցության մասին է, և այդ աջակցությունը տեխնիկական, էքսպերտային, իրավական աջակցություն է։ ԵՄ գործընկերներն ուզում են իրենց լավագույն փորձը մեզ հետ կիսել, մենք էլ պատրաստ ենք այդ փորձը իրենցից վերցնել, այդտեղ որևէ վատ կամ խնդրահարույց բան ես չեմ տեսնում»,–ասաց նա։
Դադունցը համամիտ չէ այն տեսակետին, որ ԵՄ-ի այս աջակցությունն ուղղված է ՌԴ-ի դեմ: Ըստ նրա՝ հիմնականում ԵՄ–ի ուղարկած խումբը հիմնականում կաջակցի ընտրությունները կազմակերպող Կենտրոնական ընտրական հանձնաժողովին:
«Կան օրենքին հակասող քարոզչության ձևեր, որոշակի նվիրատվություններ են իրականացում, որոնք արգելված են օրենքով։ Եթե մենք փորձագիտական աջակցություն ենք ստանում, որպեսզի կարողանանք այդ դրսևորումների դեմ պայքարել, դա մեր քաղաքացիների շահերից է բխում, որովհետև նրանց քվեն է երաշխավորված լինում: Հիմա այնքան են զարգացել տեխնոլոգիական գործիքներն ու միջոցները, որ կարելի է շատ այլ գործիքներով միջամտել և հակաիրավական գործունեություն իրականացնել, որ նույնիսկ մենք չնկատենք: Բայց կան մարդիկ, որոնք այդ փորձն ու գիտելիքն ունեն և պատրաստ են մեզ խորհուրդ տալ»,– ասաց Դադունցը:
Հարցին՝ հնարավո՞ր է՝ խորհուրդ տան, որ այս կամ այն ուժին մի գրանցեք, որովհետև իրենք հայ-ռուսական հարաբերությունների բարելավման կողմնակից են, փոխնախարարը բացասական պատասխան տվեց. «Բնականաբար ոչ, իրենք դրա իրավասությունը չունեն։ Նույնիսկ եթե նման խորհուրդ լինի, այդ գրանցումները իրականացվում են օրենքին համապատասխան։ Եթե օրենքին համապատասխանում է թեկնածուն կամ կուսակցությունը, ապա ոչ ոք չի կարող իրեն չգրանցել։
Մենք պետք է ուրախ լինենք, երբ կայացած ժողովրդավարական համակարգ ունեցող երկրները, ԵՄ–ն պատրաստ են մեզ աջակցել այդ ճանապարհին, որովհետև մենք էլ ենք գտնվում ժողովրդավարական ճանապարհին և իրենց փորձը մեզ համար շատ կարևոր է»։
Ավելի վաղ հայկական ԶԼՄ–ները գրել էին, որ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը ԵՄ-ին խնդրել է ընտրություններից առաջ «հիբրիդային արագ արձագանքման» խումբ ուղարկել Հայաստան և փետրվարի 13-ին նամակ է ուղարկել Բրյուսել։ ԵՄ-ն նման փորձ արդեն ունի. անցյալ տարի մոտ 20–հոգանոց խումբ էր ուղարկել Քիշնև, որպեսզի խորհրդարանական ընտրությունների ժամանակ Մոլդովայի իշխանություններին աջակցի իբր Ռուսաստանից տարածվող ապատեղեկատվությունը հայտնաբերելու և դրան հակազդելու գործում։
Հիշեցնենք, որ Հայաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հունիսի 7-ին։ 2025 թվականի դեկտեմբերին ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը հայտարարել է, որ ԵՄ-ն Հայաստանին 15 մլն եվրո կտրամադրի մի շարք ծրագրերի իրականացման համար, այդ թվում՝ ականազերծման աշխատանքների, ինչպես նաև «հիբրիդային հարձակումների դեմ պայքարի» աջակցության շրջանակում։











