Ես մի բան եմ հասկացել այս տարիներին, որ ես լուռումունջ, հանգիստ իմ ծառայությունն եմ տանում իմ Երկրապահի հետ Հայաստանի Հանրապետության պետական սահմաններում։ Այս մասին այսօր՝ մարտի 5–ին, Եռաբլուրում հայտարարեց ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը՝ անդրադառնալով NEWS.am-ի հարցին, թե արդյոք ինքը վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցրել է, թե ինչու է Արցախը համարում Ադրբեջան։
«Այսօրվա իրավիճակով մենք ոչ կարանք ամբագոռգոռ բառեր ասենք, որ սա կվերցնենք, նա կվերցնենք, մենք պահում ենք Հայաստանի Հանրապետության պետական սահմանները, մինչև գնանք խաղաղության, ինչու չէ նաև պայմանագրին, գնանք սահմանազատման, որ էս մի կտոր հողը կարողանանք պահենք։
Մեր հերոս, կռվող տղերքի ցավը ոչ մեկը չի կարա տանի, մենք եղել ենք հաղթանակած բանակից, իսկ այսօր մենք պիտի խելոք լինենք, պիտի կարգապահ լինենք, համախմբված լինենք, որ կարողանանք այս վիճակից դուրս գանք։
Այսօր ունենք այն, ինչ ունենք, մենք սա կպահենք, հետո պարզ կլինի ինչ պիտի լինի, վաղվա օրը ոչ մեկ չգիտի ինչ է լինելու»,–ասաց նա։
Սասուն Միքայելյանը հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքականությունը հոյակապ վարում է, որ այսօր մեր երկրում այս պահին խաղաղություն է. «Պատկերացրեք, եթե արտաքին քաղաքականությունը նորմալ չվարվեր, հիմա ի՞նչ վիճակում կլիներ Հայաստանը»,–ասաց նա։











