ԵՄ-ին անդամակցելու հույսով ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու մասին խոսքերը քաղաքական ավանտյուրա են։ Այս մասին NEWS.am-ին տված հարցազրույցում հայտարարել է Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ, «Միասնության թևեր» կուսակցության նախընտրական ցուցակի երկրորդ համարի տակ գտնվող Դավիթ Անանյանը։
Մեկնաբանելով Մոսկվայում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտնի հանդիպումը՝ Դավիթ Անանյանը նկատել է, որ ԵԱՏՄ-ին Երևանի անդամակցության վերաբերյալ հնչեցված ձևակերպումները քաղաքական և քաղաքական-լեզվաբանական առումով այնքան էլ ընդունելի չեն։ Դա նման է նրան, որ դաշնակցին ասես, թե ավելի լավ տեղ եմ փնտրում, ու քանի դեռ չեմ գտել, քեզ հետ ընկերություն կանեմ, հավելել է ՊԵԿ նախկին նախագահը։ Նրա խոսքով՝ անընդունելի է, երբ բացահայտ ձևով նման բան են ասում պետությունների ղեկավարներին, հետն էլ այն դեպքում, երբ ուղերձները հասցեագրված են հանրություններին և ողջ աշխարհին։ Ինչ վերաբերում է բուն թեմային, ապա ԵԱՏՄ-ում մնալ-չմնալու հարցի պատասխանը պետք է տալ տրամաբանության շրջանակներում, ընդ որում՝ ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունները պետք է կառուցել Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների համատեքստում։ Այսինքն՝ պետք է պատասխանել ավելի կարևոր հարցի. ո՞ր փուլում ի՞նչ ենք ակնկալում ապագայից և կա՞ արդյոք Ռուսաստանի հետ երկար ճանապարհ անցնելու մտադրություն, կարծում է Անանյանը։
Նա հիշեցրել է, որ ԵԱՏՄ բյուջեի հիմնական մասը՝ շուրջ 74 տոկոսը, բաժին է ընկնում Ռուսաստանին, և հենց նա է կրում հիմնական ֆինանսական բեռը։ Հայաստանի մասնաբաժինը կազմում է 1,22 տոկոս։ Միաժամանակ, ՊԵԿ նախկին նախագահը նկատել է, որ քաղաքական հարաբերությունները լրացնում են տնտեսականին, իսկ ԵԱՏՄ-ում կան երկու թյուրքալեզու պետություններ, որոնք այլ ձևաչափերում Ադրբեջանի և Թուրքիայի հետ նստած են նույն սեղանի շուրջ և որոշումներ են կայացնում։ Շատ դեպքերում ընդունվում են տարածաշրջանային այնպիսի որոշումներ, որոնք չեն բխում Հայաստանի շահերից, հավելել է Անանյանը՝ շարունակելով, որ պետք է հարց տալ՝ արդյո՞ք ԵԱՏՄ-ն այն հարթակն է, որտեղ կարելի է հարաբերություններ զարգացնել այդ երկրների հետ։ Այսպիսով, ԵԱՏՄ-ն միավորում է բովանդակային առումով բարդ ու բազմաշերտ հարաբերություններ, որոնց Հայաստանը պետք է նայի ոչ միայն տնտեսության, այլև քաղաքականության պրիզմայով՝ առաջնահերթություն տալով Ռուսաստանի հետ հարաբերություններին, արձանագրել է քաղաքական գործիչը։
Այն հարցին, թե ինչ կկորցնի Հայաստանի տնտեսությունը ԵԱՏՄ-ից դուրս գալով, Դավիթ Անանյանը հիշեցրել է, որ Հայաստանի արտաքին ապրանքաշրջանառության 38-40 տոկոսը բաժին է ընկնում Ռուսաստանին։ ԵԱՏՄ-ում միության տարածք մուտք գործող ցանկացած ապրանք դառնում է ԵԱՏՄ ապրանք, ինչը հայկական կողմին մեծ հնարավորություններ է տալիս, և մեր գործարարներն օգտվում են դրանից։ «Արտահանման կառուցվածքում գերակշռում են ապրանքներ, որոնք ակնհայտորեն չեն արտադրվում Հայաստանում։ Ռուսաստանի հետ հարաբերությունները միշտ կազմել են արտաքին առևտրի մեծ մասը։ Վերոհիշյալ հանդիպման ժամանակ ՌԴ նախագահն ուղղակի տեքստով ասաց դուրս գալու հեռանկարների մասին՝ էներգետիկա, գազ և այլն»,- հիշեցրել է Դավիթ Անանյանը։ Ինչ վերաբերում է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի հնչեցրած թվերին, ՊԵԿ նախկին նախագահը չի շտապել դրանք հաստատել կամ հերքել։ Նա նկատել է, որ ռուսական կողմը բերում է հավանական կորուստների թվեր (ՀՆԱ-ի 23 տոկոսի չափով, ինչը կազմում է շուրջ 2,3 տրիլիոն դրամ)։ Թե ինչպես են նրանք հաշվարկել, հաշվի առե՞լ են արդյոք երկրորդային հետևանքները, թե՞ ոչ՝ դժվար է ասել, բայց Անանյանը համոզված է, որ կորուստներ հաստատ կլինեն։
«Հնարավո՞ր է արդյոք կորուստները փոխհատուցել ԵՄ անդամակցությամբ։ Գուցե այդ դեպքում արժե՞ քննարկել դա։ Կառույցների հակադրությանը չպետք է նայել միայն թվերի տեսանկյունից։ Անհրաժեշտ է տեսնել, թե ինչ վիճակում է ԵՄ-ն, արդյո՞ք մեզ այնտեղ սպասում են, արդյո՞ք Հայաստանի տնտեսությունը համապատասխանում է եվրոպական չափանիշներին, և արդյո՞ք ԵՄ անդամ դառնալով կունենաս արտադրող երկիր։ Հնարավոր է արդյոք մնալ ԵԱՏՄ-ում և լինել կոնսենսուսային որոշումների կայացման մասնակից, պահպանել կարգավիճակն ու խորացնել հարաբերությունները Եվրոպայի, հատկապես՝ նրա առանձին երկրների հետ՝ չլինելով անդամ։ Դա հնարավոր է, և հենց այդ ընթացքում էլ պետք է փորձել դիվերսիֆիկացնել տնտեսությունը, ստեղծել արտահանմանը միտված գիտատար տնտեսություն, այն դարձնել ճանաչելի և միայն նման պատկեր ունենալուց հետո սկսել մտածել, թե ուր գնալ հաջորդիվ։ Եթե տեսնում ես, որ ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունները տանում են փակուղի, իհարկե, այլ լուծումներ են պետք։ Բայց մինչ այդ պետք է ունենալ դիվերսիֆիկացված տնտեսություն»,- նշել է Անանյանը՝ հավելելով, որ 2018 թվականից հետո հնարավորություն է եղել ԵՄ-ի հետ ընդլայնված գործընկերությունը խորացնելու համար, սակայն դա չի արվել։ Այժմ ԵՄ-ին անդամակցելու հույսով ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու մասին խոսելը քաղաքական ավանտյուրա է, ընդգծել է ՊԵԿ նախկին նախագահը։
«Եվ միաժամանակ սա մանիպուլյացիա է, քանի որ այս իշխանությունները չեն էլ ձգտում դեպի ԵՄ՝ լինելով շատ ավելի ռուսամետ, քան ներկայանում են», - հայտարարել է Դավիթ Անանյանը՝ հավելելով, որ թեման օգտագործվում է որպես մանիպուլյացիաների և հակադրությունների առիթ նախընտրական շրջանում, որը «ՔՊ»-ի համար, ըստ էության, սկսվել է դեռ երկու տարի առաջ:











