«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը քարոզարշավի շրջանակում արմավիրցիների հետ հանդիպումից առաջ լրագրողների համար բացահայտել է իր «զենքի» առեղծվածը: Ծառուկյանը մոտեցել է լրագրողներին ու ասել. «Ես ուզում եմ մի հատ սիրելի լրագրողները նկարելուց, հեռախոսը ճիշտ նկարեն, որ ավել պակաս ինֆորմացիա չտան»,- նշել է նա, գոտկատեղից հանելով եւ լրագրողներին ցույց տալով «VERTU» հեռախոսը:

Ծառուկյանը հետո հարցրել է, թե ով է NEWS.am-ի թղթակիցը, քանի որ, NEWS.am-ն էր տեղադրել Էջմիածնում հանդիպման մեծ քննարկումներ առաջացրած տեսանյութը, եւ մեղադրել NEWS.am-ին, որ «հեռախոսը նկարելով, առանց անհարմար զգալու պատվեր կատարել չի կարելի»:

Ընթերցողին ցանկանում ենք ներկայացնել «VERTU» հեռախոսի» հետ կապված պատմության խրոնոլոգիան:

Նախ ապրիլ 13-ին, ժամը 14:54-ին NEWS.am-ը հրապարակեց «Ինչո՞ւ է Գագիկ Ծառուկյանն ընտրարշավի ժամանակ ծնկի իջել» վերնագրով եւ հանդիպման տեսանյութով լուրը, որի մեջ ոչ մի բառ նշված չէր ԲՀԿ առաջնորդի «VERTU» հեռախոսի մասին:

Քանի որ NEWS.am-ի տեսանյութում Ծառուկյանի ծնկի իջնելու պահին նրա գոտկատեղին երեւացել էր ոսկեզօծ ատրճանակի նմանվող առարկա եւ հայաստանյան լրատվամիջոցներում ու սոցիալական ցանցերում լայն քննարկումներ էր ծավալվել, թե իրականում Ծառուկյանի ձախ կողքի ամրացվածը ի՞նչ է, ժամը 17:33-ին NEWS.am-ը հրապարակեց «Գագիկ Ծառուկյանը քարոզարշավին մասնակցում է զենքո՞վ, թե՞ VERTU հեռախոսով» հրապարակումը, որում թղթակցի հետ զրույցում Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանը հերքել էր, որ էջմիածինցիների հետ նախընտրական հանդիպմանը, երբ ԲՀԿ առաջնորդը ծնկի է եկել ու վերցրել մարդկանց նամակները, երեւացել է նրա ոսկեզօծ զենքի նմանությամբ իրը, ինչը ֆիքսել էր NEWS.am-ի թղթակիցը։ «Խնդրում եմ պանիկայի մեջ չընկնել եւ ավելորդ բաներ չտարածել, դա եղել է ընդամենը VERTU ոսկեզօծ հեռախոս»,- ասել էր Խաչիկ Գալստյանը։

Արդեն ապրիլի 18-ին ԲՀԿ համամասնական ցուցակում երկրորդ տեղը զբաղեցնող, ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը մամուլի ասուլիսում անդրադառնալով ոսկեզօծ «VERTU»-ի թեմային ասել է, որ Գագիկ Ծառուկյանն ընտրողների հետ հանդիպմանը գնացել էր, ոչ թե հեռախոսով, այլ` զենքով:  «Նկարներից  դատելով, կարծում եմ՝ զենք էր, բայց դրանից մեծ բան պետք չէ սարքել: Հայաստանում, եթե օրինական զենք կրելու իրավունք ունես, դա քո իրավունքն է, պարոն Ծառուկյանի որոշումն է եղել այդ օրը այդպես գնալ ընտրարշավի»,- ասել է Օսկանյանը:

Նշենք, որ NEWS.am-ը երբեք չի պնդել, որ Գագիկ Ծառուկյանը Էջմիածինցիների հետ հանդիպմանը գնացել է զենքով: Նման մեկնաբանություններ կատարել են նրանք, ովքեր դիտել են տեսանյութը, իսկ տեսանյութում երեւում է այն, ինչ՝ երեւում է, եւ այն զենք է երեւացել նույնիսկ Գագիկ Ծառուկյանի կուսակից եւ կուսակցության երկրորդ մարդու՝ Վարդան Օսկանյանի համար: Եթե ԲՀԿ առաջնորդն իսկապես համոզված է, որ NEWS.am-ը պատվեր է կատարում, եւ իր «ոսկեզօծ հեռախոսը» հրամցնում է, որպես «ոսկեզօծ զենք», ապա հարց է առաջանում, թե այդ դեպքում ո՞ւմ պատվերն է կատարում Վարդան Օսկանյանը, ով նույնպես տեսանյութում ոսկեզօծ ատրճանակ է տեսել:

NEWS.am-ը, տեղադրելով տեսանյութերը, իր ընթերցողներին եւս մեկ անգամ հնարավորություն է տալիս համեմատել տեսանյութերում առկա առարկաները եւ իր համար պարզել, թե ինչ է եղել Գագիկ Ծառուկյանի գոտկատեղին: