«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Խաչիկ Գալստյանը որեւէ մեկնաբանություն չունի Հայաստանի նախկին արտգործնախարար, վերջերս ԲՀԿ անդամ դարձած Վարդան Օսկանյանի հայտարարությանը, թե Գագիկ Ծառուկյանը ընտրողների հետ հանդիպման գնացել էր ոչ թե հեռախոսով, այլ` զենքով։ «Ոչ մի մեկնաբանություն չունեմ։ No comment»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Խաչիկ Գալստյանը՝  հավելելով. «Ես այդպես եմ տեսել, այդպես ել ասել եմ»։

Հարցին, թե ինչպես է ստացվում, որ Վարդան Օսկանյանի մի բան է ասում, ԲՀԿ այլ ներկայացուցիչներ՝ ուրիշ բան, ինչի օրինակները բազմաթիվ են՝ կապված զենք կրելու, կոալիցիայի ձեւական լինելու եւ այլնի հետ, Խաչիկ Գալստյանը պատասխանեց. «Ստացվում է այնպես, ինչպես ստացվում է, ամեն ինչ նորմալ է, խնդրում եմ մի խառնվեք իրար»։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն ապրիլի 13-ին, Էջմիածնում ընտրարշավի ժամանակ ծնկի է իջել ժողովրդի առաջ եւ երեւացել էր  գոտկատեղին փակցված ոսկեզօծ մի բան, որը շատ նման էր զենքին։Դրանից հետո Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը քարոզարշավին մասնակցում է ոչ թե զենքով, այլ VERTU հեռախոսով։  Ավելին, երբ լրագրողներից մեկը մոտեցել էր եւ ճշտել, թե դա զենք է, Գագիկ Ծառուկյանը նրան պատասխանել էր՝ «Վերտու» հեռախոս է , ամոթ Ձեզ»։ Իսկ այսօր՝  ապրիլի 18-ին, Հայաստանի նախկին արտգործնախարար, վերջերս ԲՀԿ անդամ դարձած Վարդան Օսկանյանը լրագրողների հետ զրույցում հաստատել է այդ փաստը: Նրա կարծիքով՝ պետք չէ մեծ ուշադրություն դարձնել այդ հանգամանքին: «Նկարներից դատելով, կարծում եմ՝ զենք էր, բայց դրանից մեծ բան պետք չէ սարքել: Հայաստանում, եթե օրինական զենք կրելու իրավունք ունես, դա քո իրավունքն է, պարոն Ծառուկյանի որոշումն է եղել այդ օրը այդպես գնալ ընտրարշավի»,- ասել է Օսկանյանը:

Նշենք, որ «Հավաքների ազատության մասին» օրենքի 30 հոդվածի համաձայն «Հավաքի մասնակիցը պարտավոր է հավաքի ընթացքում չկրել զենք կամ որպես զենք օգտագործվող առարկաներ»: