Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը շատ ցավում է ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանում դաժան ծեծի ենթարկվելու հետեւանքով մահացած ռազմական բժիշկ Վահե Ավետյանի համար: Այս մասին այսօր` հուլիս 3-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց անձամբ նախարարը: «Շատ ցավում եմ, որ նա մահացավ եւ չկարողացանք փրկել նրա կյանքը: Դեպքը ողբերգական է, նստվածքը` բոլորիս մոտ, այդ մասին իմացա Կազանում, որտեղ գտնվում էի գործուղման, եւ անկեղծ ասեմ, նյարդ բացվեց իմ մոտ, որը որ շատը ցավոտ է, այդ դեպքը քաղաքականացնել պետք չէր, դա կարող էր լինել բոլորիս հետ»,- ասաց նա:
Արմեն Աշոտյանը վստահ է, որ իրավապահ մարմինները օրենքի ողջ խստությամբ կվարվեն մեղավորների հետ համապատասխան քննություն անցկացնելուց հետո:
NEWS.am-ի թղթակցի հարցին, թե ինչպես եք վերաբերում «Հարսանքարը» բոյկոտելու կոչերին, որոնցով հեղեղված են սոցիալական ցանցերը, նա պատասխանեց. «Գիտեք ինչ` շատ ցավալով, նույնիսկ իմ մոտ մի քիչ տպավորություն է ստեղծվում, որ որոշ կարեկցողներ անհամբեր սպասում էին, որ Վահեն մահանա, որ աղմուկ բարձրացնեն: Գուցե շատ ցինիկ բան եմ ասում: Ես այդ մարդուն չեն ճանաչում, բայց այդ միջադեպի առաջին պահից մինչեւ վերջին պահը իրականում մեջս նյարդայնություն, անհանգստություն եւ ցավ կար: Իմ մոտ տպավորություն էր, որ որոշ մարդիկ ավելի շատ ցանկանում էին, որ այս միջադեպից հետո ողբերգությունը ավարտվի մահվան ելքով, ոչ թե ապաքինմամբ: Ես գիտեմ, որ քննադատվելու եմ այս խոսքերի համար, բայց ես սովոր եմ ճիշտն ասել եւ ձեր աչքերին ուղիղ նայել»,- ասաց ԿԳ նախարարը:
Նշենք, որ հունիսի 29-ին մահացել է հունիսի 17-ին «Հարսնաքարում» դաժան ծեծի ենթարկված՝ ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի քիթ–կոկորդ–ականջ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանը:
Հունիսի 30-ին մոմավառություն է տեղի ունեցել «Հարսնաքարի» մոտ՝ ի հիշատակ Վահե Ավետյանի: Հարյուրավոր քաղաքացիներ էին հավաքել ակցիային մասնակցելու, որոնց ձեռքին կային մոմեր եւ գրություններ՝ «Ես Վահե Ավետյան եմ», «Չեք մարսելու» մակագրությամբ:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունիսի 17-ին, ժամը 23-ի սահմաններում ԱԺ հանրապետական պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին (Նեմեց Ռուբո) պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում դաժան ծեծի էին ենթարկվել մի քանի ռազմական բժիշկներ: Նրանք ռազմական հոսպիտալի բժիշկներ են` Էդգար Միկոյանը, Արկադի Աղաջանյանը, Գարիկ Սողոմոնյանը, Արտակ Բայադյանը եւ ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանը:
Հարուցված քրգործի շրջանակներում կալանավորվել է 6 մարդ, որոնց մեջ կան նաեւ Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի անդամներ:











