«Պահանջում ենք պատժել Հարսնաքարի միջադեպի բոլոր մեղավորներին» խմբի նախաձեռնությամբ` այսօր` հուլիսի 2-ին, մարդկանց բազմությունը երթով հասել է ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանում դաժան ծեծի ենթարկվելու հետեւանքով մահացած ռազմական բժիշկ Վահե Ավետյանի տուն` մասնակցելու հուղարկավորության արարողությանը։ Ներկաների թվում էին «Ժառանգության» ներկայացուցիչներ Զարուհի Փոստանջյանը, Ռուբեն Հակոբյանը, Անահիտ Բախշյանը, Ստեփան Սաֆարյանը, ՀՅԴ անդամներ, ՀԱԿ-ից` Լեւոն Զուրաբյանը, Արամ Մանուկյանը, զինվորականներ, հայտնի մարդիկ, արվեստի եւ մշակույթի գործիչներ, քաղաքացիներ:
Զինված ուժերի շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը լրագրողների հետ զրույցում նշեց, որ շատ վատ է զգում կատարվածի համար, եւ բոլորին զգուշացրեց. «Վերջին անգամ եմ զգուշացնում՝ բանակին մատով չկպնեք. ովքեր ախրաննիկներ ունեն, զինված մարդիկ ունեն, թող լավ պահեն իրենց»:
Նշենք, որ հունիսի 29-ին մահացել է հունիսի 17-ին «Հարսնաքարում» դաժան ծեծի ենթարկված՝ ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի քիթ–կոկորդ–ականջ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանը:
Հունիսի 30-ին մոմավառություն է տեղի ունեցել «Հարսնաքարի» մոտ՝ ի հիշատակ Վահե Ավետյանի: Հարյուրավոր քաղաքացիներ էին հավաքել ակցիային մասնակցելու, որոնց ձեռքին կային մոմեր եւ գրություններ՝ «Ես Վահե Ավետյան եմ», «Չեք մարսելու» մակագրությամբ:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունիսի 17-ին, ժամը 23-ի սահմաններում ԱԺ հանրապետական պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին (Նեմեց Ռուբո) պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում դաժան ծեծի էին ենթարկվել մի քանի ռազմական բժիշկներ: Նրանք ռազմական հոսպիտալի բժիշկներ են` Էդգար Միկոյանը, Արկադի Աղաջանյանը, Գարիկ Սողոմոնյանը, Արտակ Բայադյանը եւ ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանը:
Հարուցված քրգործի շրջանակներում կալանավորվել է 6 մարդ, որոնց մեջ կան նաեւ Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի անդամներ:




























