Նախագահի թեկնածու, «Ժառանգություն» կուսակցությա առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը խստագույնս եւ առանց որեւէ շեղման դատապարտում է Պարույր Հայրիկյանի դեմ կազմակերպված մահափորձը: Հովհաննիսյանն այդ մասին ասաց այսօր` փետրվարի 1-ին, Facebook սոցցանցի օգտատերերի հետ հանդիպմանը:

«Համարում եմ, որ դա իմ վրա կատարված մահափորձ է, պետականության դեմ կատարված մահափորձ է: Ես պահանջում եմ նախագահից, ոստիկանապետից, ԱԱԾ պետից, գլխավոր դատախազից դեպքի ամբողջական բացահայտումն ու հրապարակումը»,- նշեց Հովհաննիսյանը` եւ հավելեց. «Եթե իշխանությունը ուժ ունի, կբացահայտի: Վախկոտ եւ քստմնելի ոճրագործությունը պետք է բացահայտեն եւ պատժեն մեղավորներին»:

Հովհաննիսյանը զուգահեռներ տարավ Հոկտեմբերի 27-ի, Մարտի 1-ի եւ Հայրիկյանի դեմ մահափորձի միջեւ: Անդրադառնալով ընտրությունների հնարավոր հետաձգմանը, «Ժառանգության» առաջնորդը նշել է. «Ես պատրաստ եմ Պարույր Հայրիկյանի եւ ԿԸՀ-ի` Սահմանադրությանը համաձայն որոշմանը` շարունակել կամ կախակայել ընտրարշավը»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Տպագրիչների 9 հասցում  հունվարի 31-ին, ժամը 23.30-ին նախագահի թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ էր կատարվել  իր իսկ տան դիմաց: Պարույր Հայրիկյանին տեղափոխել էին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն որտեղ նրան այսօր առավոտյան հաջողությամբ վիրահատել են:

Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 34-305 հոդվածի հատկանիշներով: Այդ հոդվածներով սահմանվում է պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանության հանցափորձը, որը կատարվել է նրա՝ նշված գործունեությունը դադարեցնելու նպատակով: Այն պատժվում է ազատազրկմամբ` 12-20 տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ:

Նախաքննությունը վարում է Ազգային անվտանգության ծառայությունը, ստեղծվել է ոստիկանության եւ ազգային անվտանգության ծառայության համատեղ օպերատիվ քննչական խումբ:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am